Ինդոնեզիայի իշխանությունները հաստատեցին մայրաքաղաքը Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը. The Star
Ինդոնեզիայի կառավարությունը հաստատել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել է The Star թերթը։
«Նոր մայրաքաղաքը կհայտնվի Կալիմանտան կղզում,-հայտնել է Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոնեգորոն:- Թե կղզու որ նահանգում կսկսվի շինարարությունը, կհայտարարվի ավելի ուշ»: Ինդոնեզիայի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման նախագիծը գնահատել են 32,5 մլրդ դոլար: Շինարարության սկիզբը պլանավորված է 2021 թվականին:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել էր մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայի հնացած ենթակառուցվածքի պատճառով: Uber ընկերության ուսումնասիրության համաձայն, այս քաղաքում ավտովարորդները տարեկան 22 օր անցկացնում են խցանումների մեջ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն, Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը 12-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: