Աստղաթափ Բյուրականում. օգոստոս ամսին մեկ ժամում հնարավոր կլինի տեսնել 1000-ից ավելի ասուպ
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում 2019 թվականի օգոստոսի 10-ին, 11-ին և 12-ին հնարավոր կլինի ականատես լինել գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի:
Երկնային այս երևույթի կապակցությամբ Բյուրականի աստղադիտարանում այցելուները կկարողանան մասնակցել «Վտանգավոր աստղակերպեր» խորագրով դասախոսությանը:
Այն կվարի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, իսկ ուշ երեկոյան հնարավոր կլինի կատարել մոլորակների և այլ երկնային մարմինների դիտումներ:
Ասուպային հոսքի ժամանակ, որը նաև կոչվում է աստղաթափ, 1 ժամում կարելի է դիտել 1000-ից ավելի ասուպ:
Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է:
Ասուպային հոսքի ժամանակ Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ աստղաթափեր անվանմամբ:
Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է:
Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք, չնայած շատ փոքր չափերին, նկատելի հետքեր են թողնում երկնքում: