Արտակ Կիրակոսյանը սխալ է համարում, որ կառավարությունը կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով

«Խորհրդի մի նիստ է դեռևս եղել, որի ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն ռազմավարությունը, դրա հետ կապված քայլերը և դատաիրավական բարեփոխումները։ Որևէ այլ քննարկում չի եղել, որևէ ձևով այդ հարցին անդրադարձ չի եղել, որևէ ձևով նման խնդրանք չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը, թե արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում է ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ և նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։

Ըստ նրա՝ այս կոնվենցիայի շուրջ ծավալված աղմուկը նման է նրան, ինչ Ընտանեկան բռնության օրենքի հետ կապված կար, երբ շատ մեծ աղմուկ եղավ, օրենքն ընդունվեց, իսկ դրանից հետո որևէ զարգացում չեղավ՝ ոչ միայն վտանգող, այլև կանխարգելող ընտանեկան բռնությունը։

«Շատ ցավալի է, որ կոնկրետ խնդիրների վերաբերող քննարկումների փոխարեն, որը կանանց նկատմամբ բռնությունն է, այլ անձանց նկատմամբ բռնությունն է, մենք թեման վերափոխում ենք շատ ժամանակ մտացածին ավանդույթների պահպանության ուղղությամբ։ Ես կարծում եմ՝ այդտեղ շատ ավելի խնդիր է ոչ թե իրական արժեքների պահպանումն ու զարգացումը, այլ այն խնդիրը, որ մենք ունենք 90-ականերից սկսած, երբ կոմունիստական գաղափարախոսությունը քանդվեց, հետո մարդիկ սկսեցին մտածել, թե ինչով կարող են դա լրացնել, ու եկավ մի ժամանակ, որ քննարկում էին՝ ինչպիսին պետք է լինի հայ աղջիկը, կամ հայ տղան։ Փակ համայնքային ինչ-որ մտածողություն էր մտել, որ աղջիկը չպետք է կարճ հագնի, սրճարան չգնա տղայի հետ, ինչին մինչ օրս շատ մարզերում և Արցախում ականատես ենք։

Այստեղ խնդիրն այն է, որ մենք փոխանակ խոսենք իսկապես արժեքների մասին, հղում ենք անում ավանդականի ու պահպանողականի, որն այնքան էլ պարզ չի, թե ինչ նկատի ունենք։ Շատերը, կարծես, ավելի շատ պատկերացնում են խորհրդային կոմունիստական ժամանակվա փակ հասարակություն կամ չգիտեմ ինչ։ Իմ ընկալմամբ՝ որևէ տեսակի բռնություն քրիստոնեական արժեքների հետ որևէ աղերս չունի»,- ասաց Ա.Կիրակոսյանը։

Դիտարկմանը, որ պնդումներ կան, որ կոնվենցիայի ընդունումից հետո Սահմանադրությունում պետք է փոխվի «ընտանիք» հասկացությունը, Ա.Կիրակոսյանը պատասխանեց, որ այդ բառի ստուգաբանությունը տրվել է՝ մի տանիքի տակ ապրողները, այդ թվում՝ տատիկ-պապիկներ, մինչև ցանկացած տիպի մարդկանց հավաք, որոնք մի տանիքի տակ են ապրում. «Եթե լեզվաընկալման իմաստով գանք արմատներին, ընտանիքը մի տանիքի տակ ապրող մարդկանց համակեցությունն է, ու լավ կլինի այդ տանիքի տակ սիրով լինեն, ոչ թե բռնությամբ, և այլն։ Այդ պարագայում այդ հարցը մեջտեղից դուրս է գալիս, թե ովքեր են այդ մարդիկ, որ սիրով ու համերաշխությամբ ապրում են մի տանիքի տակ»։

Ա.Կիրակոսյանը սխալ է համարում, որ կառավարությունը կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով.

«Դա շատ անտեղի է, որովհետև ի՞նչ ենք մենք ակնկալում, արդյո՞ք համապատասխանում է Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է մեր Սահմանադրական դատարանը որոշի, համենայն դեպս՝ այն դատարանը, որ պետք է ունենանք։ Միջազգային չափորոշիչներին համապատասխանության առումով՝ դա մի կոնվենցիա է, որը ՀՀ-ն արդեն ստորագրել է, շատ երկրներ վավերացրել են, այդտեղ էլ ընդհանրապես խնդիր չկա։ Կարծում եմ՝ այդ դիմումը մի քիչ արհեստական քայլ է»։

Տեսանյութեր

Լրահոս