ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների ծառայությունների շուկան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է սկսել դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների ծառայությունների շուկայում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Ըստ նրա՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանը տեղեկատվություն է տրամադրել 2019թ. մայիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Հուրգադա, Երևան-Շարմ էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ տեղափոխվող ուղևորների վերաբերյալ, նրանք 29333 ուղևոր են, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում «Էյր Կահիրո» ավիաընկերությանը, մայիսին իրականացվել են միայն Երևան-Շարմ էլ Շեյխ ուղղությամբ թռիչքներ, հունիս-հուլիսին՝ 4 ավիաընկերություն՝ «Էյր Կահիրո», «Ֆլայ Եգիպտ», «ԷյԷմ Սիրելենս» և «Օրանժ թու ֆլայ» ավիաընկերությունները, և խնդիրը վերջին 2-ի հետ է:
«Այստեղ հետաքրքիր է մի հանգամանք, որի վրա մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, այս ավիափոխադրումներ և տուրփաթեթները փոխկապակցված շուկաներ են, և խնդիրը նաև մեր ունեցած օպերատիվ տվյալներում այստեղ էլ է գտնվում, որովհետև ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է ծախում: Եվ այստեղ պետք է բացահայտենք՝ արդյոք հյուրանոցների համար վճարները ներառո՞ւմ են ամբողջական բոլոր ծախսերը, որովհետև մենք ունենք ինֆորմացիա, որ դրանք նաև որոշակի հարկային պարտավորություններից խուսափելու միջոցով ստանում են մրցակցային առավելություններ և այստեղ դեմպինգային քաղաքականություն է տեղի ունենում:
Այսինքն՝ տոմսը, հյուրանոցի ծախսը և փոխադրումը հյուրանոց ամբողջական մի փաթեթով են վաճառում, և որոշ տեղերում, օրինակ, հյուրանոցի գումարը տանում կանխիկ վճարում են և այս պարագայում խուսափում են հարկերից, և կարողանում են ավիատոմսի վրա զեղչեր կատարել, որը ևս անթույլատրելի է, քանի որ ունենում են անհավասար մրցակցային պայմաններ, որի արդյունքում ունենում ենք նաև այսպիսի երևույթներ»,- ասաց Գ.Գևորգյանը:
Ըստ նրա՝ այստեղի տուրիստական ընկերություններն այդ ավիաընկերությունների ներկայացուցիչներն են այստեղ, այսինքն՝ փոխկապակցված են իրար: Գևորգյանը նշեց, որ դիմել են բոլոր ընկերություններին՝ պահանջելով գնի ձևավորման մասին տեղեկություն. «Կարծում եմ՝ կարճ ժամկետում կունենանք ամբողջական պարտկեր, թե որտեղ է խնդիրը և կներկայացնենք»: