Թեհրանի նախկին քաղաքագլխին մահապատժի են դատապարտել կնոջն սպանելու համար
Թեհրանի նախկին քաղաքագլուխ եւ երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին մահապատժի է դատապարտվել կնոջն սպանելու համար: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամ Հոսեյն Էսմայիլիին:
Ինչպես հայտարարել է դատական մարմինների ներկայացուցիչը, Նաջաֆին մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է մահապատժի: Թեհրանի նախկին քաղաքագլխի կինը մայիսի վերջին գնդակահարվել էր Թեհրանի հյուսիսի էլիտային շրջանի բնակելի շենքում:
Նաջաֆին ինքն է հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ խոստովանել, որ սպանել է կնոջը, հայտարարելով, որ դա տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների պատճառով: Նաջաֆին Թեհրանի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել է 2017 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի ապրիլը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ Իրանի կրթության նախարարությունը եւ բարձրագույն կրթության նախարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: