Դիմորդների թիվը 10 տարում 9000-ով նվազել է
Այս տարվա բուհերի ընդունելության քննությունները երկար սպասված էին։ Բանն այն է, որ նախորդ 2 տարիներին դիմորդների թիվը նվազել էր, քանի որ 12-ամյա դպրոցական կրթության անցնելու կապակցությամբ շրջանավարտների թիվը նվազել էր։ Հետևաբար՝ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ դինամիկա կա դիմորդների թվի առումով։
Բոլորս հիշում ենք, որ Հայաստանում բուհերի ընդունելության քննությունները տարիներ շարունակ եղել են հանրության ուշադրության կենտրոնում։ Բուհերի ընդունելության քննությունները շատ մրցակցային էին։ Օրինակ՝ 2009թ.-ին ընդունելության քննություններին մասնակցել է 19500 դիմորդ։ Իրավիճակը փոխվեց 2013թ.-ին։ Այդ տարի դիմորդների թիվը 14896 էր։ Նման անկումն ուներ մի քանի պատճառ։ Գլխավորն այն էր, որ միջին մասնագիտական հաստատությունների սովորողներին տրվեց հնարավորություն միանգամից ուսանելու բուհի 2-րդ կուրսում։ Այդ պատճառով որոշ սովորողներ նախընտրեցին քոլեջում սովորելու միջոցով հայտնվել բուհում։
Հաջորդող տարիներին միասնական քննությունների մասնակիցների թիվը շարունակեց նվազել։ 2016թ. դիմորդների թիվն արդեն շուրջ 12 հազար էր։ Նվազման 2-րդ ալիքի վրա ազդեց այն, որ 2013թ.-ից բացվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակալավրիատը, ավելացավ արտերկրի բուհեր դիմողների թիվը։ Դիմորդների թվի նվազման վրա սկսեց էապես ազդել նաև արտագաղթը։ Այդ տարիներին Հայաստանից ամեն տարի արտագաղթում էր 6-7 հազար դպրոցական։
Ակնկալվում էր, որ 2019թ.-ին գոնե կպահպանվի դիմորդների թիվը։ Բայց այս տարի ունեցանք կտրուկ նվազում։ Միասնական քննությունների մասնակիցների թիվը շուրջ 10 հազար էր, ինչը գրեթե հավասար էր 2017թ.-ի արդյունքին։ Բայց եթե 2017-ին դպրոցների շրջանավարտների թիվը շուրջ 15 հազար էր, ապա 2019-ին այդ թիվը շուրջ 18 հազար էր։ Այս թվերի մեջ չեն մտնում քոլեջներում սովորող աշակերտները։ Այսինքն՝ գործ ունենք դիմորդների թվի նվազման 3-րդ ալիքի հետ։ Ընդամենը 10 տարում միասնական քննությունների մասնակիցների թիվը 19 հազարից դարձավ 10 հազար։ Սա մտահոգիչ վիճակագրություն է։
Շատերը կարող են ասել, որ սա լավ է։ Ինչո՞ւ պետք է բոլորը դիմեն բուհեր։ Թող սովորեն քոլեջներում, քանի որ մեզ արհեստավորներ են պետք։ Հասկանալով նախնական և միջին մասնագիտական կրթության կարևորությունը, այդուհանդերձ, Հայաստանին պետք են բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ։
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ 21-րդ դարում Հայաստանի դպրոցի շրջանավարտների մեծամասնությունը չի դիմում բուհ։ Այս հարցը լուրջ հետազոտությունների կարիք ունի։ Կարող ենք դիտարկել մի քանի վարկածներ, որոնք կարող են հետազոտությամբ հերքվել կամ հաստատվել։
Առաջին վարկածն այն է, որ շատ ընտանիքներ ի վիճակի չեն վճարել բարձրագույն կրթության համար։ Հայտնի է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը գերազանցապես վճարովի է։ Փոքրաթիվ անվճար տեղերը բաժին են հասնում են ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, այլ տարիներ շարունակ կրկնուսույցի մոտ պարապած կամ հայտնի դպրոցներում սովորող աշակերտներին։ Եթե սրան գումարենք այն, որ մարզերից եկած ուսանողներին պետք է նաև քաղաքում ապրելու գումար, ապա պարզ է, որ անապահով ընտանիքների համար բարձրագույն կրթությունը դառնում է ոչ մատչելի։ Այս ամենը հաստատված է նաև Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի վիճակագրությամբ։
Երկրորդ վարկածն այն է, որ աշակերտների ուսման առաջադիմությունը շատ ցածր է։ Հայաստանի դպրոցներում լավ սովորողների թիվը տարեցտարի նվազում է։ Միջին դասարաններում աշակերտների մեծ մասը կորցնում է սովորելու նկատմամբ հետաքրքրությունը։ Գիտելիքների պաշար չունեցող աշակերտների մեծ մասը, բնականաբար, չունի բուհում սովորելու ցանկություն և կարողություն։
Երրորդ վարկածն այն է, որ մեր բուհերի կրթության որակը չի բավարարում հանրությանը։ Բարձրագույն կրթություն ունեցող բազմաթիվ մարդիկ Հայաստանում այսօր կատարում են ցածրակարգ աշխատանք։ Օրինակ՝ կան դեպքեր, երբ բուհի շրջանավարտն ավարտելուց հետո մեկնել է խոպան։ Բազմաթիվ շրջանավարտներ աշխատում են խանութներում, սպասարկման ոլորտում՝ կատարելով այնպիսի աշխատանքներ, որոնց համար բարձրագույն կրթություն ունենալ պետք չէ։ Այս համատեքստում մարդիկ մտածում են, որ իմաստ չունի գումար ծախսել բարձրագույն կրթության վրա։
Չորրորդ վարկածն այն է, որ վերացվել է զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը Հայաստանի բուհերում սովորողների համար։ Մինչև 2018 թվականն անվճար համակարգով ընդունված տղաները ստանում էին տարկետման իրավունք։ Ներկայումս այդ կարգն այլևս չի գործում, ինչի պատճառով, հնարավոր է, տղաները չեն ցանկանում սովորել բուհերում։
Ամեն դեպքում բուհերի դիմորդների թվի գրեթե կրկնակի նվազումն անհանգստացնող է։ Մեզ պետք է լավ կրթություն ունեցող մարդկանց կրիտիկական թիվ։ Եթե շրջանավարտների 35-40%-ն է դիմում բուհեր, ապա սա նշանակում է, որ մեր հասարակության կրթական ցենզը շատ ցածր է։ Հայտնի է նաև, որ առաջիկա տարիներին բազմաթիվ ցածրակարգ աշխատանքներ ավտոմատացվելու են։ Ի՞նչ են անելու մեր այն քաղաքացիները, ովքեր այսօր կատարում են ցածրակարգ աշխատանք։
Այս իրավիճակը ստեղծվեց նաև այն պատճառով, որ կառավարությունը բավարար հոգատարություն չցուցաբերեց բուհերի հանդեպ։ Մտածում էին, որ բուհերը կարող են յոլա գնալ վճարովի կրթության հաշվին։ Բայց դիմորդների թվի նվազման արդյունքում բուհերի եկամուտներն էապես կրճատվում են։ Բուհերը միավորում են մասնագիտություններ, մասնագիտացումներ, ամբիոններ։ Շուտով հնարավոր է՝ օրակարգում հայտնվի նաև բուհեր միավորելու հարցը, որի մասին արդեն մի քանի տարի խոսում են նախարարության պաշտոնյաները։