Փաշինյանը «սիրախաղ» կսկսի՞ Բաբայանի հետ
Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա է դարձել Արցախում ընթացող ներքաղաքական զարգացումները, որոնք հիմնականում խաչմերուկվում են Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ, ըստ որի՝ առաջարկվում է Արցախի նախագահի թեկնածուի համար հանել օրենքով սահմանված` վերջին 10 տարում Արցախում բնակության ցենզը: Այդ փոփոխությամբ ակնկալվում է, որ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը կկարողանա մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:
Տեղին է փաստել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծին միանալու ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամները տեղերում շրջայցեր են կատարում քաղաքացիների տներ: Ըստ օդում կախված լուրերի՝ նրանք այդ ընթացքում նաև գումար են բաժանել: Նշենք նաև, որ կան տեղեկություններ, որ այս գործընթացին ներգրավվում են Հայաստանում և Ռուսաստանում բնակվող մարդիկ, որոնք այցելում են արցախաբնակ հարազատներին, բարեկամներին, համագյուղացիներին և փորձում համոզել՝ միանալ ստորագրահավաքին: Անգամ նախաձեռնող խմբում առանձնացված խմբեր կան, որոնք տրանսպորտային միջոցներ են օգտագործում՝ մարդկանց տներից համայնքապետարան տանելու և հետ բերելու համար։ Հավելենք, որ Բաբայանի նախաձեռնողական խմբի կողմից այս տեղեկությունները շատ արագ հերքվում են։
Այս հայտարարությունը, ինչ խոսք, լուրջ մտորումների և հանգամանալից ուսումնասիրության կարիք ունի։ Ի դեպ, ՀՀ իշխանությունները բոլորովին վերջերս ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի կողմից հնչեցված հայտարարությամբ տեսակետ հայտնեցին, որ Բաբայանի կողմից նման գաղափարների առաջքաշումն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։ «Եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք: Հետևաբար՝ ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են արցախյան ընտրություններին քվեարկելու իրավունք ունենալ: Դժվար թե հանդուրժելի լինի այս իրավիճակը, երբ ԱՀ բնակչությանը թվով գերազանցող ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ինչ իշխանություն պիտի լինի ԱՀ-ում»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Այստեղ մենք բախվում ենք դասական կազուսի հետ, քանի որ ստացվում է այնպես, որ այս գործընթացը հակասում է նաև ՀՀ Սահմանադրությանը, և սա խոսում է այն մասին, որ Արցախում գրանցված քաղաքացին իր հերթին՝ կարող է մասնակցել ՀՀ ընտրություններին։
Հատկանշականն այն է, որ Սամվել Բաբայանի հայտարարությունների և քաղաքական նման ոտնձգությունների նկատմամբ հայաստանյան քաղաքական սեկտորը բավական բուռն արձագանք են տալիս՝ այն համարելով ռիսկային ու իր մեջ վտանգներ պարունակող։
Այս ֆոնին հատկանշական է փաստել, որ Արցախի հարցում առանցքային են հետևյալ մի քանի եզրույթները՝ Արցախի անվտանգությունը, Արցախի շարունակական ժողովրդավարացումն ու Արցախի սահմանադրականության զարգացումը:
Նախօրեին իր հարցազրույցում Բաբայանը դարձյալ խոսել է ռուսական մանդատի հետ կապված կարգավիճակի կարգավորման մասին, սակայն ավելի ուշ, մեկնաբանելով իր խոսքը, ասել է, որ դա ասել է զուտ օրինակի համար, բայց հնչեցնելու ենթատեքստից ակնհայտ է, որ նա տանում է ընդգծված ռուսական ուղղորդված քաղաքականություն։ Իր հարցազրույցում ՊԲ նախկին հրամանատարը, անդրադառնալով Արցախի անվտանգությանը, խոսել է Արցախում խաղաղապահների տեղակայման մասին, այնուհետև՝ բուֆերային զոնա ստեղծելու մասին։ Նշենք, որ Բաբայանը պլաններ ունի ստորագրահավաքի մերժման դեպքում իր թիմակիցների միջոցով փակել Արցախ տանող միջպետական ճանապարհները։
Բաբայանն իր հռետորաբանությամբ բավականին կոպիտ ու սուր շեշտադրումների կողմնակից է, ավելին, նա Արցախի իշխանությունների հետ, ակնհայտ է, որ խոսում է սպառնալիքի ու մի յուրահատուկ շանտաժի լեզվով, և հետաքրքրականն այն է, որ նա ընտրել է մի այնպիսի տակտիկա, որ կարծես թե ամենը, ինչ տեղի կունենա Արցախում, դրա ողջ պատասխանատուն գործող իշխանություններն են, ու դա «նրանց կողմից կլինի արկածախնդրություն և իրավիճակի սրում»։ Նա իր համար լեյտմոտիվ է ստեղծել, և անընդհատ խոսում է «իրավիճակի վաղ կանխատեսելիությունից» կամ, ասենք, «դժվար է ասել, թե դեպքերն ինչպես կզարգանան»։ Բաբայանը խոսում է ժողովրդավարության մասին, պարբերաբար հանդես է գալիս այս հարցի հետ կապված հայտարարություններով, և սա՝ այն դեպքում, երբ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում միանշանակ հիշում են՝ 90-ականների վերջին ինչ վիճակ էր տիրում հանրային շրջանակներում, թե ինչ տիպի բռնություններ ու ապօրինություններ են կատարվել այդ օրերին Բաբայանի ու նրա մերձավոր շրջապատի կողմից։
Այստեղ կա մի առանցքային կետ. Սամվել Բաբայանն այն մարդն է, ով ոտնձգություն է կատարել պետական ինստիտուտի նկատմամբ՝ Արցախի նախագահի դեմ մահափորձ է կազմակերպել, որի հետևանքով, ճիշտ է՝ զոհեր չեն եղել, բայց մարդիկ հաշմանդամ են մնացել։ Նա իր արարքի համար պատասխանատվություն է կրել, իսկ հիմա, գտնվելով ազատության մեջ, խոսում է ժողովրդի ազատությունից, օրենքների գերակայությունից, Սահմանադրությունից ու իրավունքից։
Մի պահ պատկերացնենք այնպիսի իրավիճակ, երբ Արցախում կարող է նախագահ դառնալ մարդ, ով մահափորձ է կատարել մեկ այլ նախագահի դեմ, սա հանցագործություն է պետության ու մի ամբողջ պետական ինստիտուտի դեմ։ Իրականում որքան էլ պարադոքսալ է հնչում՝ կա կարևոր մի հանգամանք. քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախի գործող իշխանությունների նկատմամբ չունի, մեղմ ասած, այդքան էլ բարյացակամ վերաբերմունք և առիթը բաց չի թողնում «խայթել» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս կամ այն հայտարարությունը, ուստի չի կարելի բացառել, որ նույն Փաշինյանը «տակից» գաղտնի «սիրախաղ» կսկսի Բաբայանի հետ և կփորձի որպես սպառնալիք՝ ուժ կիրառել՝ այդ հատվածում ևս ինքնահաստատվելու և իր վերահսկողությունը տարածելու համար։
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ