«Նորֆոլկ Քոնսալթինգն» անցավ պատմության գիրկը. «Դա մոտեցում չի ընդհանրապես»
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունն ամբողջովին հատուցել է պետությանը պատճառված վնասը՝ 3 մլրդ 37 մլն 952 հազար դրամը։ Ազգային անվտանգության ծառայության գործունեության հաշվետվության համաձայն՝ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Դեռևս անցած տարի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ «Նորֆոլկ քոնսալթինգը» լուծարվելու է: Պետռեգիստրի համակարգի համաձայն՝ այն դեռևս գտնվում է լուծարման գործընթացում։ Ըստ էության՝ ընկերության գործունեությունը բավականին կարճ տևեց։
Նույն պետռեգիստրի տվյալներով՝ 2017 թ. դրա միակ հիմնադիրը բրիտանական օֆշորում գրանցված «Նորֆոլկ պրոջեկտ ԼՓ» (Norfolk Project LP) ընկերությունն էր։ Շրջանառվում էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունը։ «Նորֆոլկ Քոնսալթինգը» մաքսազերծման պրոցեսում համակարգում էր կարգոների հետ աշխատանքը:
Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Գագիկ Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգի» հետ տեղի ունեցավ այն, ինչ բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ է լինում, երբ դրանք տարիներ շարունակ թույլ են տալիս խախտումներ, որոնք ի վերջո հայտնաբերվում և հիմնավորվում են, և ընկերությունը վերականգնում է բյուջե չմուտքագրված գումարները՝ խուսափելով որևէ մի հետապնդումից՝ քրեական թե այլ տիպի։
«Դա նորմալ իրավիճակ է։ Այլ բան է, թե ինչպես կարելի էր ի սկզբանե այս գործին մոտենալ։ Մի բան անհասկանալի է՝ կարելի է երկար տարիներ խախտումներ անել, հարկերից խուսափել, հետո բռնեցին, գտան, ասել՝ վայ, կներեք, գումարը վճարել, և վերջ։ Իսկ ով մշտապես հարկերը վճարել է, մնում է չգնահատված։ Դա մոտեցում չի ընդհանրապես, բայց քանի որ դա գործող օրենք է, ընդունում ենք այդպես։ Վերականգնել է վնասը, ուրեմն փառք ու պատիվ։ Բայց չէր կարող չվերականգնել, պետությունը չպետք է տուժի, քանի որ դա բոլորիս համար է կորուստ, եթե բյուջե չեն մուտքագրվում գումարներ, որ պարտավոր էին մուտքագրել»,- ասաց Գ.Աղաջանյանը։
Սակայն, ըստ նրա, միայն գումարների մուտաքագրումը չպետք է բավարարի, պետք է նախատեսվեն այլ վճարումներ ևս՝ տուգանք, հավելավճարներ կամ այլ, որ մարդիկ իմանան, որ պետք է ժամանակին վճարեն։ Այլապես, նրա կարծիքով՝ տասնյակ տարիներ պարտաճանաչ գործող և հարկերը բարեխղճորեն վճարող կազմակերպություններն իրենց այնքան էլ լավ չեն զգում։
Դիտարկմանը, թե այդ պարտաճանաչ ընկերությունները շարունակում են գործել, իսկ «Նորֆոլկ Քոնսալթինգը» սնանկացել է ու լուծարվել, Գ.Աղաջանյանը պատասխանեց.
«Եթե այդ տեսանկյունից նայենք, գուցե՝ այո, բայց դա չափանիշ չպետք է լինի։ Միանշանակ՝ այո, բուջեից գումարներ գողացողի կամ բյուջեի գումարների վրա տնտեսողի դեմ պետք է լինի անողոք պայքար։ Դա մեր ժողովրդի բարեկեցությունն է և պետության անվտանգությունը»։