«Առաջիկա տարիներին որոշ առարկաների ուսուցիչների հետ կապված՝ ունենալու ենք շատ լուրջ խնդիր». փորձագետ
«Նոր դասագրքերի հրատարակումը մոտ երկու տարի կտևի: Այս պահին տեղի են ունենում բոլոր առարկաների չափորոշիչների և ծրագրերի վերանայումները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Շատ կարևոր է, որ այսօրվանից Հայաստանը նախապատրաստվի դասագրքերի նոր սերնդի հրատարակմանը, որովհետև հասկանալի է, որ Հայաստանում դասագրքերի փոփոխությունն արագ չի լինում, 4-5 տարին մեկ են դասագրքեր տպագրում, այն էլ շատ դեպքերում վերահրատարակում ենք փոքր փոփոխություններով, ոչ թե ամբողջական: Լավ կլինի, որ այս ժամանակահատվածն օգտագործեն նոր սերնդի, նոր մոդելի դասագրքերի պատրաստման համար: Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվում են, օրինակ՝ «Զանգակ» հրատարակչությունը մի քանի օր առաջ ներկայացրեց գրականության դասագրքի նոր մոդել, որտեղ իրենք նախատեսում են ունենալ մի դասագիրք, որտեղ ոչ միայն տեքստեր կլինեն, երեխաները դրանք կկարդան ու անգիր կասեն, այլև կոնկրետ որոշակի առաջադրանքներ կկատարեն, որոնք կզարգացնեն աշակերտների մտածողության հմտությունները: Այսինքն՝ դասագիրքը կդառնա որոշակի գործիք՝ մտածողություն զարգացնելու համար: Եվ, եթե անգամ ուսուցիչը լավ չի սովորեցնի, երեխան կունենա մի դասագիրք, որտեղ ամեն ինչ շատ լավ, ընդունելի ձևով գրված կլինի»,- հավելեց նա:
Կրթության փորձագետի խոսքով՝ դասագիրքը պետք է ընդունենք՝ որպես կրթության մեջ առկա անհավասարությունները հաղթահարելու գործիք:
Իսկ այդ անհավասարությունն այսօր շատ-շատ է և ավելի է խորանալու:
«Առաջիկա տարիներին որոշ առարկաների ուսուցիչների հետ կապված՝ մենք ունենալու ենք շատ լուրջ խնդիր: Թարմ նորություն ասեմ. այս տարի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզիայի ֆակուլտետ ընդամենը երկու հոգի է ընդունվել, քիմիայի ֆակուլտետ՝ նույնպես: Աշխարհագրություն և կենսաբանություն ֆակուլտետներում նույնպես քիչ են եղել ընդունվողները: Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին այս մասնագիտութուններից ուսուցիչների խնդիր ենք ունենալու: Եվ, քանի որ ՀՀ-ում ուսուցիչների զգալի հատվածը 50-60 տարեկանից բարձր է, իրենք առաջիկայում երբ դուրս գան աշխատանքից, փոխարինողների խնդիր կլինի: Դրա համար գոնե լավ դասագրքերով կարող ենք այդ պակասը լրացնել:
Շատ կարևոր է՝ դասագրքերում ավելացնել նաև պատկերները: Հիմա տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել ինֆոգրաֆիկաներ ստեղծել, տեքստային նյութը դարձնել գրաֆիկ:
Հաջորդը հարցերի խնդիրն է. մեր դասագրքերում հարցերը հիմնականում այսպիսին են՝ ի՞նչ, ո՞վ, ե՞րբ: Սրանք այն հարցերն են, որոնք ընդամենը ստուգում են փաստական գիտելիք: Պետք է ավելացնել այնպիսի հարցեր, որոնք կզարգացնեն երեխաների քննադատական, ստեղծագործական մտածողությունը: «Ինչո՞ւ» հարցը պետք է շատ լինի, «ի՞նչ կլինի, եթե… » նման հարցեր եթե ավելացնենք, դասագրքերն ավելի հետաքրքիր կդառնան:
Շատ կարևոր է դասագրքերում պատմությունների օգտագործումը: Չոր ու ցամաք չպետք է լինեն: Ֆիզիկայի ոլորտում հանճարեղ գիտնական կա՝ Ֆրեյմանը, որը հետաքրքիր բաներ է ասում ֆիզիկայի մասին. դասագրքերը պետք է համեմված լինեն պատմություններով: Փորձը ցույց է տալիս՝ երբ դասագրքերում պատմությունները շատ են, երեխաներն ավելի լավ են յուրացնում մատուցվող նյութը»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:
«168 Ժամ» թերթում կրթական թեմաներով սյունակագիր-փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է մտածել որոշակի թվային գործիքների օգտագործման ուղղությամբ:
«Միջազգային փորձը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, ճիշտը տպագիր դասագրքերն են: Աշխարհի շատ երկրներում փորձեցին հրաժարվել տպագիր դասագրքերից և էլեկտրոնային դասագրքեր օգտագործել, բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ էլեկտրոնային դասագիրքն իրեն չի արդարացնում, այնուամենայնիվ, տպագիր դասագիրքն ավելի արդյունավետ է: Բայց սա չի նշանակում, որ էլեկտրոնային ռեսուրսներ չպետք է լինեն: Մենք պետք է որոշենք, թե ինչը հնարավոր չէ անել տպագիր դասագրքով կամ դասարանում, ու փորձենք դա անել էլեկտրոնային ռեսուրսների միջոցով: Խելացի ձևով տպագիր և էլեկտրոնային ռեսուրսները պետք է կարողանանք միավորել:
Հայաստանը չի կարող իրեն ճոխություն թույլ տալ ու ամեն 3-4 տարին մեկ փոխել կրթական ծրագրերը: Մենք դա կարողանում ենք անել ամեն 10 տարին մեկ ու հիմա այս հնարավորությունը խելամիտ պետք է օգտագործենք: Մեր կրթական համակարգն այնպիսի վատ վիճակում է, որ, եթե ևս 10 տարի համակարգը թողնենք այս վիճակում, հնարավոր է՝ այլևս չկարողանանք վերականգնել այն»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:
Անի Կարապետյան