Քաղաքական անսկզբունքայնությունը՝ հպարտանալու առի՞թ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության այսօրվա վերջին 6-7 ամիսների ամփոփիչ ասուլիսին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նախագահ Ռուբեն Ռուբինյանը որպես ձեռքբերում՝ հիշատակել է նաև այն փաստը, որ ԵԽԽՎ-ում «Իմ քայլի» ներկայացուցիչներին հաջողվել է անդամագրվել Եվրոպական համաժողովի տարբեր ֆրակցիաների մեջ։
«168 Ժամին» հասած տեղեկություններով՝ «իզմեր» չունեցող կուսակցությունն այստեղ նույնպես աննախադեպ է իր անսկզբունքայնությամբ։ Պարզվել է, որ մեկ-երկու պատգամավոր, մասնավորապես՝ Ռուբեն Ռուբինյանը, ընդգրկվել է EPP-ի կազմում, մեկ պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը, սոցիալիստների խմբում է, մեկն էլ՝ Հովհաննես Իգիթյանը, լիբերալների խմբի կազմում է։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սկզբունքներ, գաղափարախոսություն ու արժեքներ չունեցող քաղաքական ուժի պահվածքի դրսևորում. Միևնույն քաղաքական ուժը Եվրոպայում երեք տարբեր ֆրակցիաների անդամ է, և հազիվ թե սա պարծենալու թեմա լինի։
Եվ պետք չէ դա բացատրել պետական շահերով։ Պետական շահերից կբխեր, եթե Հայաստանի Խորհրդարանը գաղափարական իմաստով ավելի բազմազան լիներ և իրականում Եվրոպական խորհրդարանում ներկայացներ Հայաստանի ողջ քաղաքական ներկապնակը։
Այլապես սա ընդամենը փորձ է՝ հետին թվով այնտեղ «սվաղելու» քաղաքական իմաստով ներկայիս Խորհրդարանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը։
Պարզ է, չէ՞, որ ոչ Ռուբեն Ռուբինյանն է հանրապետականների չափ արդյունավետ լինելու EPP-ում, ոչ էլ Սոս Ավետիսյանը՝ դաշնակների չափ՝ սոցիալ-դեմոկրատների խմբում, իսկ Հովհաննես Իգիթյանի հայտնվելը լիբերալների խմբում վկայում է այն մասին, որ Էդմոն Մարուքյանին, որ ALDE-ի անդամ է, չեն վստահում։