««Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին գազի սակագնի չփոփոխումն անվերջ չի կարող ձգվել». Մհեր Գրիգորյան
Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ զանգվածային անջատումներն արտաքին տեխնիկական հանգամանքների հարց էր: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Բնականաբար, երկրների էներգետիկ համակարգերն անջատված չեն և լոկալ չեն, իրենք փոխմիացած են առնվազն տարածաշրջանում այլ երկրների հետ և, երբ երկրներից մեկում տեղի է ունենում տեխնիկական տատանում, բնականաբար, դա որոշակի տեխնիկական ազդեցություն է ունենում նաև կողքի երկրի համակարգի վրա: Տվյալ պարագայում նախնական կա մի վարկած, որ տեխնիկական տատանում է տեղի ունեցել մեր հարևան երկրում, որն ազդել է նաև մեր էներգահամակարգի տեխնիկական վիճակի վրա»,- ասաց Մ. Գրիգորյանը՝ հորդորելով սպասել աշխատանքային խմբի եզրակացություններին:
Թե ի՞նչ կլինի մեր համակարգի հետ, եթե ԱՄՆ-ը կտրուկ քայլերի գնա Իրանի հանդեպ, փոխվարչապետը պատասխանեց, որ ՀՀ-ի այսօրվա էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է, որ ցանկացած սցենարի դեպքում ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն.
«Տեխնիկական ռիսկեր գոյություն ունեն, իհարկե, չի կարելի ասել, որ բացարձակ ռիսկեր չկան, դրանք միշտ կան և որևէ կապ չունեն մեր հարաբերությունների կամ ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների հետ: Բայց, իհարկե, կան մեխանիզմներ, որ այդ ռիսկերը զսպում են: Նաև վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ էներգետիկ համակարգը մեր մոտ տեխնիկապես բավարար հագեցած է, որպեսզի որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»:
Անդրադառնալով գազի հանձնաժողովին՝ Մ. Գրիգորյանը նշեց, որ աշխատանքները դեռ շարունակվում են.
«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի՝ ինչքան շատ կոմպոնենտներ կան, որ քննարկվել են և դեռևս ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Սակագնի հետ կապված հստակ բան ասել չի կարելի»:
Շրջանառվող լուրերը, որ 2020թ. հունվարի մեկից գազի գինը ՀՀ համար բարձրանալու է, Մ. Գրիգորյանը չհաստատեց.
«Ես նման պաշտոնական որևիցե ազդակ այդ հարցի հետ կապված երբևէ չեմ ստացել: Խոսակցություններ կարող են գալ տարբեր, բայց մենք խոսում ենք ազդակների մասին: Փորձագիտական եզրակացությունների մեջ ես չեմ տեսել որևիցե մի հիմնարար պատճառ»:
Ըստ նրա՝ «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին սակագնի չփոփոխումը անվերջ չի կարող ձգվել, այդ սցենարը ժամանակավոր բնույթ է կրում:
Իրանից գազ ձեռք բերելու վերաբերյալ փոխվարչապետը նեց, որ գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախ և առաջ հայրենակիցների շահերով, իսկ գնային ու տեխնիկական բաղադրիչները պետք է բանակցվեն: