Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին:

«Ի սկզբանե, պետք է ասել, որ այդ գործողությունների շարքը, որն ուղեկցվում է ստորագրահավաքով, ունի վերջնական նպատակ՝ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանադրական փոփոխություններ կատարելու: Բայց դա առաջին հայացքից: Բնականաբար, սա նաև մեր քաղաքացիների, ինչպես նաև այս կամ այն քաղաքական խմբի նախապատվության ու նախաձեռնության խնդիրն է: Մյուս կողմից պետք է համապատասխան տեսակետ և գնահատական հնչեցվի ծավալված գործընթացին, որն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Դրանք հատկապես միտված են այն գաղափարներին ու նպատակներին, որոնք 1988 թ.-ին սկսված ազգային-ազատագրական պայքարի մի քանի տարիներից հետո Արցախը Հայաստանին վերամիավորման գաղափարը փոխակերպելու մարտավարական ձևաչափով էին ներկայացված, այն է՝ Արցախի անկախ հանրապետության հռչակումով, միջազգայնորեն ճանաչման գործընթացով նպատակին հասնելը:

Այստեղ է խնդիրը, և այստեղ է այն վտանգը, որ Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և հանրության զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին»,- մասնավորապես նշել է Դ. Իշխանյանը:
Օրենսդրական այդ նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիներին կարծես հնարավորություն է տրվում երկուստեք մասնակցելու տվյալ հանրապետության ընտրական գործընթացներին: Սակայն, ըստ պատգամավորի, Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից առավելապես խոսվում է ՀՀ քաղաքացիներին ԱՀ ընտրական գործընթացներին մասնակցության հնարավորություն տալու մասին: Միաժամանակ, Դ. Իշխանյանը գտնում է, որ պետք է իրավական կողմից այս գործընթացին նայել և եզրահանգումներ կատարել:

«Պետք է լինի երկուստեք գործընթաց՝ ՀՀ և ԱՀ պաշտոնական շրջանակների կողմից: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք միակողմանի գործընթաց, որն ունի վերոնշյալ վտանգները: Մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում մեր հասարակության մեջ լուրջ բևեռացումների, համախոհության և միասնականության մթնոլորտի առճակատման առաջացման և միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտի ձևավորման: Բնականաբար, մենք միշտ կարողացել ենք այսպիսի էքստրեմալ վիճակներում համապատասխան ելքեր գտնել: Ես չէի ասի, որ մենք գտնվում ենք այդ էքստրեմալ իրավիճակներում, այդուհանդերձ զարգացումները մեզ կարող են հասցնել այդպիսի մի իրավիճակի, հատկապես՝ ներքաղաքական առումով»,- ավելացրել է Դ. Իշխանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ականատես ենք լինում մեր արտաքին ճակատի վրա գտնվող մարտահրավերների շարքին:

«Բնականաբար, մեր հորդորը պետք է լինի զսպվածությունը, իմաստության դրսևորումը, համախոհության մթնոլորտի ձևավորումը և միմյանց նկատմամբ հանդուրժողականության ցուցաբերումը: Մեր միասնականությունը մեզ պարգևել է հաղթանակներ, և այդ միասնականությունը մեզ ոգու ուժ է տվել ու եղել է հիմնական ուղեկիցը վերջին 30 տարիների ընթացքում: Թերևս այս 30 տարիների վերջին դասը, որը լի է փառապանծ էջերով, հաղթանակներով, պետք է ունենա նաև իր շարունակականությունը»,- ասել է Դ. Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս