Բաժիններ՝

«Պետք է մասնագետ լինի՝ իմանա, ոնց է կրակում, որ հանկարծ չհասնի Թուրքիա». «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը՝ հակակարկտային հրթիռային սարքերի մասին

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ջրային ոլորտի խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել՝ պահանջելով ապահովել գյուղացիներին մատակարարված ջրի դիմաց 100-տոկոսանոց գանձում, և սպառնացել, որ նրանք, ովքեր կթերանան և չեն ապահովի այդ ցուցանիշը, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

«Եթե կարողանան գումարը հավաքել՝ լավ է, բայց այստեղ կա այլ հարց. առաջին հերթին՝ գյուղացու խնդիրները պետք է լուծեն. ոռոգման ջրի հարցը, հակակարկտային հրթիռային սարքերի ձեռքբերումը, հէկ-երի դեմ պայքարը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

«Տեսեք՝ Շիրակի մարզում հունիսի 24-ին խոշոր կարկուտ է տեղացել՝ մեծ վնասներ հասցնելով 10-ից ավելի գյուղերի։ Հիմնականում տուժել են Արթիկի տարածաշրջանի գյուղերը։ Սարատակ և Հոռոմ գյուղերում էլ կարկուտը վնասել է ոչ միայն տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաները, այլև ցորենի և գարու ցանքերը։

Շիրակի փոխմարզպետն ու Գյուղատնտեսության վարչության պետն էլ գնացել,  գյուղացիների հետ շրջել էին ցանքադաշտերով՝ արձանագրելով, որ կարկտահարված բոլոր գյուղերում տեղ-տեղ վնասը  100 տոկոսի է հասնում, նվազագույնը 70 տոկոս վնասն է, դա էլ տնամերձ բանջարաբոստանային կուլտուրաներում է։ Հիմա այս գյուղերի բնակիչներն  ինչպե՞ս են կարողանալու ջրի գումարը վճարել, եթե այսչափ տուժել են:

Չպետք է մոռանանք, որ գյուղացիները վարկեր ունեն բանկերում, դեռ դա էլ պետք է կարողանան փակել: Հետևաբար՝  հիմա առաջնայինը հակակարկտային հրթիռային սարքեր ձեռք բերելն է, որպեսզի գյուղացին չտուժի, թե չէ այս խաղալիք հակակարկտային կայանները ոչ մի օգուտ չեն տալիս: Պարզապես այստեղ մեկ խնդիր կա. հակակարկտային հրթիռային սարքը կարող է սահմանն անցնել, դրա համար լավ ու  գործից տեղյակ մասնագետներ են անհրաժեշտ: Դա այդ խաղալիք կայանների նման հո չէ՞, պետք է մասնագետ լինի՝ իմանա, ոնց է կրակում, որ հանկարծ չհասնի Թուրքիա»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս