Կառավարությունը կվճարի ՋՕԸ-ների 4 մլրդ դրամ պարտքը
Կառավարությունը վերջին տարիների համար աննախադեպ քայլ է կատարում: Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նախագիծ, որով մարվում է ջրօգտագործողների ընկերությունների դեռևս անցած տարիներից կուտակած մեծաքանակ պարտքերից 4 մլրդ դրամից ավելի գումար:
Ըստ նրա՝ ոռոգման շրջանն արդեն սկսվել է, սակայն այն պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար ՋՕԸ-ները կանգնել են մեծ դժվարությունների և խոչընդոտների առաջ։ 10.06.2019թ. դրությամբ ՋՕԸ-ների ընդհանուր կրեդիտորական պարտավորությունները կազմում են 4087,9 մլն դրամ, որից՝ ծախսված էլեկտրաէներգիայի գծով պարտքը՝ 873,0 մլն դրամ, ջրառի գծով պարտքը՝ 1247,7 մլն դրամ, կուտակված աշխատավարձի գծով պարտքը՝ 735,8 մլն դրամ, չկատարված հարկային պարտավորությունների գծով՝ 322,6 մլն դրամ, և այլն։
Հարկային ժամկետանց պարտավորությունների և մյուս կրեդիտորական պարտավորությունների համար ՋՕԸ-ների բանկային հաշիվների վրա կիրառվել են արգելանքներ, որը խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական գործունեություն իրականացնելու, հետևաբար, ոռոգման շրջանը կազմակերպելու համար։ Ս.Պապիկյանի խոսքով՝ սա թույլ կտա, որ աշնանը համակարգը մտնի նոր տարի առանց պարտքի, ինչը հնարավորություն կտա համակարգի առողջացմանը: Նախարարը նշեց, որ ջրօգտագործողների ընկերությունների հետ քննարկվել է խնդիրը, նրանց առաջ 100%-անոց արդյունք ունենալու խնդիր է դրվել, ինչը նորմալ է.
«Օգտագործված ջրի դիմաց հանրությունը վճարում է, և այդ գումարները պետք է ծառայեն նպատակին»:
Պապիկյանը կոչ արեց հանրությանը՝ պատշաճ վճարել և հետևողական լինել, որ այդ գումարները հասնեն իրենց նպատակին: Նա նշեց նաև, որ ԱԺ-ում քննարկվում է, որ այս փոխանցումները լինեն անկանխիկ եղանակով: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ անցած տարիներին ՋՕԸ-ների պարտքն աճողական տեմպերով է ավելացել, բաց այստեղ կա համակարգային խնդիր.
«Ընդհանուր ՋՕԸ-ների ինստիտուտն ինչ-որ սխալ խթանների վրա է կառուցված, որ բերում է նման իրավիճակի: Ունենք կորուստներ, բայց դա չի նշանակում, որ այս ձևաչափը թույլ է տալիս ճիշտ մեխանիզմով աշխատել»: Ավինյանի խոսքով՝ համակարգային փոփոխությունները ենթադրաբար կքննարկվեն սեպտեմբերին: