Բաժիններ՝

«Առանց ռիսկերի չի լինում». Տիգրան Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համաձայն չէ տնտեսագետների պնդումների հետ, որ կայուն դրամավարկային քաղաքականությունը խոչընդոտում է ներդրումներին և գործում է տնտեսական աճի դեմ:

168.am-ի հետ զրույցում նախարարը հիմնավորեց, որ նախ դա կարճաժամկետ միջոցառում է, և Կենտրոնական բանկը նման քայլերի դիմում է շուկայում կարճաժամկետ տատանումներ թույլ չտալու համար:

«Հիմա մենք գտնվում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ զբոսարջիկները ավելի մեծ քանակով են գալիս Հայաստան և արտարժութային այդ առաջարկը շուկայում է: Այսինքն՝ կարճ ժամանակում, եթե ԿԲ-ն ոչինչ չանի, տեղի կունենա փոխարժեքի զգալի փոփոխություն, օրինակ՝ 1 դոլարը կարժենա ոչ թե 480 դրամ, այլ՝ 460 դրամ: Ես ենթադրություն եմ անում, թվային մանրամասներին չեմ տիրապետում այժմ: Իսկ այդ դեպքում, եթե դառնա 460 դրամ, արտահանողները կվնասվեն: Այսինքն՝ ես ներդրում եմ կատարել, հաշվարկել եմ, որ պետք է 480-485 դրամով դրսում վաճառեմ արտահանված ապրանքը, բերեմ, աշխատողների աշխատավարձը վճարեմ, և հանկարծ կարճ տուրիստական սեզոնի ընթացքում փոխարժեքը դառնում է 460 դրամ: Ես ստիպված եմ լինում իմ ապրանքը վաճառել դրսում, որովհետև դա ոչ մի կապ չունի սեզոնայնության հետ, բայց կտուժեմ, որովհետև այդ կարճաժամկետ տատանումները ինձ թույլ չեն տա դա պլանավորել»,- բացատրեց Տ.Խաչատրյանը:

Նրա պնդմամբ՝ ՀՀ ԿԲ-ի նման վարքագիծը, որ համաշխարհային պրակտիկայի շատ սովորական, ճիշտ ԿԲ վարքագիծ է, նպաստում է, որ ներդրողների մոտ վստահությունը մակրոմիջավայրի նկատմամբ լինի ավելի բարձր:

Հարցին, թե Հայաստանի մրցունակության վրա ինչպե՞ս է ազդում ԵԱՏՄ մյուս երկրներում արժույթի արժեզրկման պայմաններում դրամի կայունությունը, նախարարը պատասխանեց.

«Այլ հավասար պայմաններում՝ բացասաբար: Եթե օրինակ 1 դոլարը Ռուսաստանում արժենա ոչ թե 65 ռուբլի, այլ՝ 85 ռուբլի, իսկ քանի որ տեղական գներն այդքան արագ չեն փոխվում, այլ շարունակում են մնալ դանդաղ փոփոխվող, ապա բնականաբար, եթե մեր արտահանողները պետք է իրենց ապրանքը վաճառեն հին ռուբլով, բայց փոխարկելի արտարժույթն այստեղ բերեն ավելի քիչ քանակությամբ, օրինակ՝ 65 ռուբլով վաճառելու դեպքում պայմանական մեկ միավորի դիմաց մեկ դոլար էր ստանում, ապա 65 ռուբլով վաճառքը շարունակելու դեպքում հիմա կստանա, ենթադրենք, 80 ցենտ, և ստացվում է, որ իր տուն բերած արտարժութային եկամուտներն ավելի քիչ են, քան առաջ էին, չնայած շարունակում է վաճառել նույն ռուսական շուկայում և նույն արտադրանքը: Եվ քանի որ իր ծախսերը չեն կրճատվել Հայաստանում, ստանում է ավելի քիչ շահույթ:

Համապատասխանաբար, իհարկե, եթե մեզ մոտ կայուն է մնում հարաբերակցությունը, իսկ ՌԴ-ում մասնավորապես, փոխվում է, ապա ՌԴ-ում իրենց ապրանքը վաճառող մեր արտահանողները որոշակի մրցունակության դժվարություններ են ունենում: Դա էդպես է, ընդհանրապես՝ տնտեսությունն է էդպես: Առանց ռիսկերի չի լինում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս