«Դրամավարկային քաղաքականության այն մոդելը, որ տասնամյակներ շարունակ գործել է ՀՀ-ում, շարունակում է գործել՝ ուղղակի ավերելով մեր տնտեսությունը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ այս տարի Կենտրոնական բանկը պահեստավորել է արդեն 171 մլն դոլար: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հստակեցրեց, որ արդեն գնել են 185 մլն դոլար:
«Դա նշանակում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 50 միլիոն դոլարով աճել է, որովհետև նախորդ հարցուպատասխանին, երբ Դուք ԱԺ-ում ելույթ էիք ունենում, 131 միլիոն է հրապարակված թիվը: Այդ օրը երեկոյան դարձավ 154, հետո նախորդ շաբաթվա վերջում դարձավ 171, հիմա՝ 185: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 50 միլիոն դոլար ներհոսել է մեր շուկա»,- հաշվարկեց Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում ԿԲ-ի կողմից այսքան արտարժույթի գնումը:
«Դրամավարկային քաղաքականության այն մոդելը, որ տասնամյակներ շարունակ գործել է Հայաստանում, շարունակում է գործել՝ ուղղակի ավերելով մեր տնտեսությունը: Ինչի՞ մասին է խոսքը: Այն, որ դրամի փոխարժեքի քաղաքականությունը կայուն պահենք, և ամեն ինչ լավ կլինի, դա իրականում գործում է տնտեսական աճի և ներառականության դեմ, գործում է ներդրումների դեմ: Թվում է, թե կայուն փոխարժեքը խթանում է ներդրումները և ավելի կանխատեսելի միջավայր է ստեղծում ներդրողների համար, սակայն իրականում, եթե նայում ենք ներդրումների դինամիկային, ոչ մի նման բան չկա»,- պատասխանեց Ա.Մարգարյանը:
Ըստ նրա՝ չի կարելի կայուն դրամավարկային քաղաքականությունը նպատակ դարձնել, քանի որ դրամը գերարժևորված է մնում, բայց դրամի վրա ճնշումներ չկան, որովհետև պահանջարկ, ներդրումային ավտոնոմ պահանջարկ չկա.
«Դրա հետևանքն է: Լավ կլիներ՝ դրամը ԵԱՏՄ արժույթների հետ համադրելի արժեզրկվեր, լողացող լիներ փոխարժեքը, ոչ թե ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն է վարվում, և եթե մի փոքր արժեզրկվում է դրամը, դա դիտարկվում է մինուս: Իրականում դա պետք է լինի տնտեսության զարգացման հետևանք, ոչ թե նպատակ:
Ի վերջո, նոր Սահմանադրությամբ Կենտրոնական բանկի ֆունկցիան ավելի լայն է՝ ֆինանսական համակարգի կայունություն, բայց դա միկրոմակարդակի վրա պետք է ուղեկցվի զարգացումներով ու դինամիկայով, իսկ դինամիկա չկա: Այնպես որ, միայն թվերով չի կարելի գաղափար կազմել մակրոտնտեսական վիճակի մասին»: