Ով է ՏՄՊՊՀ թեկնածուն, ինչ առնչություն ուներ ՊՆ տենդերների հետ
Այս պահին ԱԺ-ն քննարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի (ՏՊՊՊՀ) կազմ ընդգրկելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 2 թեկնածուների հայտերը:
Ու մինչ ԱԺ-ն կհաստատի փոխվարչապետ, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի համար նախընտրելի թեկնածուների անունները, 168.am-ին հայտնի դարձավ նրանցից մեկի կենսագործունեությունից մի ուշագրավ դրվագ: Խոսքը 1984 թվականին ծնված Էդգար Ճաղարյանի մասին է, որին հեղափոխական իշխանությունը հավանաբար նախապատվություն է տվել զուտ նրա տարիքի և, թերևս, տնտեսագիտական թեկնածուի գիտական աստիճան ունենալու պատճառով, մինչդեռ OK տվող բարձր օղակում աչք են փակել մի բանի վրա, ինչը շատ ավելի կարևոր գործոն է այս անձի «անբասիր» աշխատանքը տնտեսական անկախ մարմնում հետագայի համար գնահատելու առումով:
«Սողուն» մականունով հայտնի Էդգար Ճաղարյանին ՀՀ Պաշտպանության նախարարությունում գիտեն շատերը, ոչ թե այն պատճառով, որ աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս 2012 թվականից՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում բաժնի պետի պաշտոնից, այլ՝ որովհետև այնքան ճկուն է եղել, որ չնայած համեստ պաշտոնին՝ հասցրել է խցկվել նաև ՊՆ գնումների դաշտ, տենդերներում ունենալ ազդեցիկ մասնակցություն: Խիստ շահութաբեր գործարքները երիտասարդ Ճաղարյանը պետության հետ արել է, բնականաբար, ոչ իր դեմքով, իր հետ փոխկապակցված անձինք շահել են ՊՆ-ի համար հայտարարված մի քանի տենդերներում՝ սառեցված մսամթերքի գնումներում և ներկրված այլ մթերքների դեպքերով:
Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ Ճաղարյանին չի հաջողվել երկար թաքցրած պահել իր գործարքները, ՊՆ-ից արտահոսք է եղել, բացահայտված գործով նաև պաշտոնանկություններ են եղել:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ հեղափոխությունից հետո Սննդի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ նշանակված Էդգար Ճաղարյանի և Ֆինանսների նախարարության նախկին աշխատակից Կարեն Սեդրակյանի անունները ՝ որպես ՏՄՊՊՀ թեկնածու , վարչապետ Փաշինյանն ուղարկել է ԱԺ հաստատման, ընդ որում, Էդգար Ճաղարյանին՝ 2 տարի, իսկ Կարեն Սեդրակյանին՝ 1 տարի պաշտոնավարման ժամկետով:
Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կուրացիայի տակ գործող տնտեսական անկախ մարմինը վերջին երկու թեկնածուների հաստատումով այսօր կհամալրի իր կազմը: Այսօր ԱԺ ամբիոնի մոտ առաջինն իրեն ներկայացրեց հենց Էդգար Ճաղարյանը, ով, ի դեպ, ՏՄՊՊՀ նախկին կազմի աշխատանքը գնահատեց մեկ բառով՝ «վատ»: Թեկնածուի այս հայտարարությունից հետո ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այդուհանդերձ փորձեց հասկանալ, թե 10 բալանոց սանդղակում Ճաղարյանը քանի՞ բալով կբնորոշեր Արտակ Շաբոյանի ղեկավարած նախկին հանձնաժողովի աշխատանքը, Էդգար Ճաղարյանը նույն ոճով շարունակեց լակոնիկ տեքստը և ասաց՝ «Որպեսզի շատ վատ չգնահատեմ՝ կասեմ՝ 1-2 բալ»:
Ի դեպ, թեկնածուի ելույթը, ինչպես նկատել էին շատ տնտեսագետներ, իրականում «քոփի փեստով» վերցված էր ՏՄՊՊՀ-ի տարեկան հաշվետվությունից:
Մասնագետները նկատել էին, որ իր առաջին ելույթում Էդգար Ճաղարյանն անբարեխիղճ մրցակցությունը չի տարբերել հակամրցակցային համաձայնությունից և գերիշխող դիրքի չարաշահումից, սակայն կարծիք է հայտնում մի կառույցի մասին, որից առանձնապես տեղյակ չէ:
Ինչևէ, ինչպես ակնկալվում էր, վարչապետի առաջադրած երկու տնտեսագետների թեկնածությունն էլ ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց:
Սյուզի Բադոյան