««ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժմանը դե ֆակտո միացել են տարբեր քաղաքական ուժեր»

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրեց Սահմանադրական դատարանի առջև։
Շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի խոսքով՝ շարժմանը դե ֆակտո միացել են տարբեր քաղաքական ուժեր, որի վերաբերյալ կլինեն հայտարարություններ։

«Այսօր մենք կարող ենք փաստել աննախադեպ քաղաքական և հասարակական կոնսոլիդացիա՝ Հայաստանում տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների մասով։ Կարող եմ փաստել, որ մենք ամենևին մենակ չենք։ Մոտակա օրերին կնախաձեռնենք փորձագիտական քննարկում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, որոնք լծվելու են սահմանադրական տապալված կարգի վերականգնմանը, իրենց մոտեցումները կներկայացնեն»,- տեղեկացրեց Նարեկ Մալյանը։

Իրավաբան Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ՝ հստակորեն տեսնում են, որ իրավական համայնքը «երկուսին գումարած երկու հավասար չէ չորսի մոտեցումը» գնալով ավելի վճռական է մերժում։ Ինչն իշխանության յուրացման, նախապատրաստության դրսևորում է, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի։

«Մասնավորապես՝ մենք կարող ենք փաստել, որ լուրջ քննարկման առարկա են նաև այլ բնույթի հարցեր, որոնք վերաբերում են ավելի վաղ շրջանի գործունեությանը։ Մոտ մեկ ամիս առաջ, երբ մենք խնդիրներ էինք տեսնում դատարանների արգելափակման հետ, նշեցինք, որ ցանկացած դատական ակտ ուղղակի կարող է վիճարկելի լինել, այսօր արդեն կարողանում ենք տեսնել դրա դրսևորումները»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանը հակաիրավական է ճանաչել Լեհաստանի օրենսդրությունը, քանի որ փորձել են կրճատել դատավորների լիազորությունները՝ նվազեցնելով նրանց տարիքը։

Նշենք, որ դատարանի մոտ են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից, որոնք վանկարկում են «Ամոթ դատարան» և «Քոչարյան հերոս»։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մատենադարան, որոտեղ էլ պետք է որոշեն իրենց հետագա անելիքը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս