«Գործի 80 հատորները ցույց են տալիս, թե ինչ դերակատարում է  ունեցել Արցախի զորքը և զինված խմբավորումները, դրանք Բակո Սահակյանին մոտ կանգնած մարդիկ են եղել». Սեդա Սաֆարյան

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը և որոշում կայացրեց՝ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Դատարանը նաև բավարարեց «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների պաշտպանի վերաքննիչ բողոքը, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության։

«Այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում՝ այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում»,- որոշումը հրապարակելիս՝ ասաց դատավոր Արմեն Դանիելյանը։

Որոշման հարապարակումից հետո փաստաբան Սեդա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ շարունակում է հասարակության և գործի քննության արդարամիտ լինելու առումով «իրենից ներկայացնել վտանգ»։

«Լավ է, որ դատավորն իր որոշումներով չի կաշկանդվել։ Քոչարյանի պաշտպանները գիտեին, որ Սահմանադրական դատարան դիմելու և վարույթը կասեցնելու որոշումը կայացվել էր կոպիտ խախտումներով։ Խափանման միջոցի վերաբերյալ, կարծում եմ՝ Առաջին ատյանի դատարանը չէր ուսումնասիրել գործի փաստերը։ Կան ցուցմունքներ, որոնք չեմ հրապարակելու, երբ ժամանակը գա՝ կասեմ, երբ երկրորդ նախագահն իր չենթարկվող մարդու մասով ասում է, որ՝ նրա «մաման կլացացնեմ», սա նշանակում է, որ նա շարունակում է գործի համար իրենից ներկայացնել վտանգ»,- ասաց Ս. Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը չէին կարող անձնական երաշխավորություն ներկայացնել՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

«Երբ ծանոթանում ենք գործի 80 հատորներին, տեսնում ենք, թե ինչ դերակատարում են ունեցել Արցախի զորքը և զինված խմբավորումները Հայաստանում կատարված միջադեպին, ընդ որում՝ դրանք Բակո Սահակյանին շատ մոտ կանգնած մարդիկ են եղել, որոնք Հայաստան գալու համար առնվազն նրա թույլտվությունն ունեցել են։ Սա խոսում է այն մասին, որ նրանք չէին կարող անձնական երաշխավորությամբ հանդես գալ։ Քննությունը երբ շարունակվի, այդ ամենին անհրաժեշտ գնահատականներ կտրվի»,- շեշտեց Սեդա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Քոչարյանը, պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև ՍԴ դիմելու գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ այսօր կայացվելիք որոշման հրապարակմանը.

«Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը՝ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ոչ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները, և ոչ էլ Քոչարյանների ընտանիքի անդամները՝ ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։ Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս