«Չունե՞ր՝ թող հրաժարական տար, թե՞ մի հատ էլ լուսահոգի Վազգենի նման մեկը պիտի չափալախ տա, որ հրաժարական տա». Գ. Իսագուլյան

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Բակո Սահակյանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ մնացել են միայն տեխնիկական հարցեր:

«Հիմա դեպքեր են զարգանում այն արագությամբ և ոչ մեզ համար ցանկալի ուղղվածությամբ, որ հանդուրժել այս ամենն անհնար է, և ես այս վերջին հանդիպման ժամանակ խնդրել, հորդորել եմ՝ հնարավորություն տա, որ ես ավելի ազատ կարգավիճակ ունենամ, այն է՝ ազատվեմ աշխատանքից այն պայմանով, որ մեր հարաբերությունները մնալու են նույնը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ նախքան սա, երկու անգամ դիմել է Բակո Սահակյանին՝ հրաժարականի համար:

Ըստ նրա` պաշտոնից ազատվելուց հետո ինքն այլևս բարոյապես կաշկանդված չի լինի գործելու համար.

«Հայաստանի այն պաշտոնյաները, որոնք այդքան մտահոգ էին, արդեն հանգիստ կլինեն… Իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր, կնախանձեն և գուցե հորդորեն Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ։ Հավատացեք, որ մինչև Հայաստանում չկատարենք այն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է»:

ԱՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի կարծիքով՝ Հայաստան-Արցախ հարաբերություններում ավելի վատ վիճակ, քանի հիմա է, երբեք չի եղել.

«Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը խռովի երեխու նման, այս տարի մայիսի 9-ին Արցախ այցելելուց հետո շփում չլինի 2 երկրների ղեկավարների միջև։ Հիմա կարող է հայտարարեն, որ եղել է, բայց ես հո շատ լավ գիտեմ՝ ինչ է եղել։ Կամ՝ եթե դու հայտարարում ես՝ Արցախն անկախ է, Արցախն ինքնուրույն է, Արցախը միայն ինքը պետք է բանակցի, այդ ի՞նչ միջամտություններ են Արցախի ներսում»:

Գ. Իսագուլյանը նշեց, որ վերջին տարիներին, հատկապես՝ ապրիլյան պատերազմից հետո, Արցախում ստեղծվել էր մի վիճակ, երբ այն հանդես էր գալիս՝ որպես մեկ ընդհանրական թիմ, որն այսօր չկա. «Արդեն «թայֆեք», տարբեր թիմեր, տարբեր կլաններ, և այդ բոլորն ուղղորդվում է Հայաստանից»:

Նա նկատեց, որ այսօր գերխնդիր պիտի համարել Արցախն ու Արցախի անվտանգությունը, մինչդեռ շատերը զբաղված են սենսացիաներով. «Վահե Գրիգորյանն ինչ կլինի, ինչ կլինի, դա բացարձակ հետաքրքիր չի այս ազգին, Արցախը ՀՀ անվտանգության գլխավոր նախապայմանն է:

Հայաստանում ինչ են անում՝ հերոսներ են դատում, Մանվել Գրիգորյանին ամեն կերպով ստորացնել՝ միայն թուրքը կարող էր անել: Մեղավո՞ր է՝ պատժե՛ք. չնայած էդ սցենարը, որ սարքեցին… Միլիարդներից էիք խոսում, դե գտե՛ք, ցո՛ւյց տվեք։

Հիմա էլ արդեն սովորել են՝ մեկն իրեն վարչապետ է հռչակում, մյուսը՝ ՍԴ նախագահ, սեռական փոքրամասնություններով, տրանսգենդերներով ու սորոսականներով են լցնում երկիրը: Նախագահ ունենք՝ ինչի է նման… Սահմանադրության պահապան է կոչվում… Ես ամաչում եմ, որ ինձ դաս է տվել, որ Արցախ առաջին այցի ժամանակ միասին ենք եղել: Պարո՛ն Սարգսյան, ամո՛թ է, գոնե Վահե Գրիգորյանի ասածներին արձագանքեք, ձեր նշանակածն է, ձեր առաջարկածն է»:

168.am-ի հարցին, թե արդյո՞ք նախագահն այլընտրանք ուներ այդ հարցում, Գ. Իսագուլյանը պատասխանեց.

«Չունե՞ր՝ թող հրաժարական տար, թե՞ մի հատ էլ լուսահոգի Վազգենի նման մեկը պիտի չափալախ տա, որ հրաժարական տա…»:

Ապա անդրադառնալով նախորդ օրն արած իր այն հայտարարությանը, թե իշխանության ձեռքին շատ կարևոր փաստաթղթեր կան Վահե Գրիգորյանի սեռական կողմնորոշման մասին, ասաց.

«Միակ լեգիտիմ մարմինն այսօր դատական համակարգն է: Իմ կոչն է Հրայր Թովմասյանին՝ դատական իշխանությունը չտալ այդ ապաշնորհներին. ես ասում եմ՝ սրանք կարող է գնան ցանկացած սադրանքի: Կհանեն թիկնազորը, մենք կգնանք… դատական իշխանությունը չտալ հատկապես այդ …, ընդ որում՝ պարոն Վանեցյանը փաստաթղթեր է ներկայացրել պարոն Փաշինյանին, կարծում եմ՝ նաև տեսանյութեր, որտեղ հենց Վահեն է Գրիգորյան»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս