
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության հետագա աշխատանքի մասին որոշումը կընդունվի հունիսի 26-ին

Ռուսաստանի պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հետագա աշխատանքի վերաբերյալ որոշում կընդունի հունիսի 26-ին օրվա երկրորդ կեսին լիազորությունների մասին հարցի քննարկումից հետո: Այդ մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից եւ այլ երկրներից մի խումբ պատգամավորներ վիճարկել են Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: «Դա ձեւական ընթացակարգ է, բայց մենք կհետեւենք, թե ինչպես կզարգանա աշխատանքն այն հանձնաժողովում, ուր ուղարկվել են (ՌԴ-ի հակառակորդների) փաստարկները, եւ այնուհետեւ կտեսնենք, թե ինչպիսին կլինի որոշումը. այն կընդունվի վաղն օրվա երկրորդ կեսին»,- ասել է Տոլստոյը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կախված այն բանից, թե ինչպիսին այն կլինի, մենք որոշում կընդունենք՝ Ռուսաստանի պատվիրակությունը մնա այնուհետեւ ԵԽԽՎ-ում, թե՝ ոչ»,- հայտնել է Տոլստոյը՝ նշելով, որ ռուսաստանցիները պատրաստ էին այն բանին, որ պատվիրակության լիազորությունները կվիճարկվեն, հաղորդել է «Ինտերֆաքսը»: