Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել երկրի ղեկավարության զորահրամանատարների դեմ, Իրանի առողջապահության նախարարության աշխատակիցների ներկայությամբ խիստ արտահայտություններ է արել Սպիտակ տան հասցեին։
«Սպիտակ տունը մտավոր հետամնաց է»,-ասել է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:
Նա նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոսում են այն մասին, որ Վաշինգտոնը լրջորեն չէր Թեհրանին բանակցություններ առաջարկում:
«Պատժամիջոցներ սահմանելով Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ՝ նրանք (ամերիկացիները) հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենց կողմից բանակցությունների վերաբերյալ առաջարկությունները սուտ են»,-ասել է Ռոուհանին: ԱՄՆ-ի նախագահը հունիսի 24-ին հրամանագիր է ստորագրել, որը պատժամիջոցների խստացում է նախատեսում Իրանի դեմ:
Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, նա ճշտել է, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են նախ եւ առաջ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ: Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ «այս շաբաթ ավելի ուշ» պատժամիջոցների ցուցակում պլանավորվում է ներառել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ութ զորահրամանատարներ, ներառյալ հունիսի 20-ին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար պատասխանատու գեներալը:
Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հունիսի 25-ին Twitter-ում գրել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հունիսի 24-ին սահմանված պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն աննախադեպ են, դրանք զրոյացնում են Թեհրանի հետ երկխոսությանը պատրաստ լինելու վերաբերյալ Վաշինգտոնի բոլոր ազդանշանները:
«Այդ նոր աննախադեպ միջոցները ցույց են տալիս, թե ինչ արժեն Իրանի հետ երկխոսության հարցում շահագրգռվածության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները: Այսինքն դրանք, ըստ էության, զրոյացնում են շարունակ կրկնվող այն ազդանշանները, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության: Երկխոսությունը չի կարելի վարել ատրճանակի փողի ներքո՝ ուղղակի եւ փոխաբերական իմաստով»,-ասել է Ռյաբկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: