«Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող մարդիկ շատ ագրեսիվ են. նրանք կարող են հիմար բաներ անել». Նինո Բուրջանաձե
Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վատանալու համար մեղավոր են հանրապետության իշխանությունները եւ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող ուժերը: Այդ մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն:
«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով չափազանց դժվար կլինի հարաբերություններն արագորեն վերադարձնել գոնե այն մակարդակ, որը կար մեկ շաբաթ առաջ»,-նշել է նա:
Քաղաքական գործիչը հավելել է, որ Վրաստանում սկսված բողոքները միտումնավոր շրջվել են դեպի հակառուսական հիստերիայի հուն: Նրա կարծիքով, Սահակաշվիլին փորձում է առավելագույնս քաղել այդ բողոքից, քանի որ ռուսատյաց քաղաքականությունը իշխանությունը վերադարձնելու նրա միակ հնարավորությունն է:
«Սահակաշվիլիի վերահսկողության տակ գտնվող մարդիկ շատ ագրեսիվ են ու արդյունավետ: Նրանք կարող են հիմար բաներ անել»,-նախազգուշացրել է Բուրջանաձեն: