Նախարարությունը հայտնել է, թե ինչ փոփոխություններ են նախատեսում ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումները
Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումները ուժի մեջ են մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:
«Ելնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունից՝ առաջարկվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու համար նախատեսել, որ փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնհինգ տարին կրելուց հետո, կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո, կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո»,- գրել է Մարտիրոսյանը:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը և ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու պահանջները:
«Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միանգամից չեն կարողանա տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ: Այսինքն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կիսափակ կարող է տեղափոխվել փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու պարագայում, կիսաբաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում, իսկ բաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում»,- գրել է Մարտիրոսյանը:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշել է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու հիմքում չի դրվում միայն այն հանգամանքը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կրել է Օրենքով նախատեսված պատժի համապատասխան ժամկետը, այլ անհրաժեշտ է նաև, որ վերջինս տվյալ պահին պատիժ կրելիս լինի նաև Օրենքով նախատեսված համապատասխան ուղղիչ հիմնարկում: