«Տիգրանն ինձնից մեծ է, և երբ ինձ մի բան ասում է, ինձ համար չափանիշ է». Մհեր Մանսուրյան
Նրա գործերում ամեն ինչ կիսատոն է, կիսաժպիտ: Արվեստագետը ցույց է տալիս մեզ առարկան, որն իր ասելիքի կեսն է միայն, ու թողնում է մեզ գտնելու մյուս կեսը, զուսպ և շրջահայացորեն, քանի որ նրա մոտ ամեն ինչ նրբանկատ է, պատված խորհրդավորությամբ…
«Արմենպրես»-ի զրուցակիցը մանսուրյանական տաղանդաշատ տոհմի ներկայացուցիչ, նկարիչ Մհեր Մանսուրյանն է՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրը: Նրա հետ զրուցել ենք ստեղծագործական ուղին ընտրելու, ոգեշնչման, տարիներ ի վեր պահպանված բույսի ու շնորհաշատ ընտանիքի մասին:
Նկարչությունը՝ կյանքի ուղի
Մեր տանը ժամանակին շատ նկարներ ունեինք, այդ թվում՝ նկարիչ Հարություն Կալենցի գործերից: Փոքր ժամանակ միշտ արտանկարում էի: Երբ զորակոչվեցի բանակ, ծառայության վերջին տարում շատ ժամանակ ունեի, սկսեցի նկարել: Գտա այն, ինչ փնտրում էի այն աստիճան, որ մինչ այսօր ես ու նկարչությունը փոխկապակցված ենք: Իմ «ես»-ը, կարծես, նկարչությունն է:
Բազմատաղանդ ընտանիքի կերտողները
Ծնողներս երկուսն էլ որբանոցի երեխա էին: Հայրս՝ Եղիա Մանսուրյանը, մշտապես մեզ՝ իր չորս երեխաներին, պատմում էր նկարիչների, երաժիշտների մասին: Շատ երաժշտական մարդ էր, Կոմիտաս էր երգում տանը, չնայած այն ժամանակ նման երաժշտությունն արգելված էր: Շատ էր պատմում բազում նկարիչների մասին.և այդ ամենը նույնպես ժամանակին ինձ վրա տպավորություն թողեց: Մայրս՝ Աննա Մանսուրյանը, սիրահարված էր հորս գլխավորապես նրա համար, որ լավ երգիչ էր: Երկուսն էլ երաժշտական շնորհներ ունեին:
Մենք չորս երեխա ենք՝ Տիգրանը, Արաքսը, Սոնյան, ես: Քույրս՝ Սոնյան, վաղ ամուսնացավ և Փարիզ մեկնեց: Նա մեզ բոլորիս մշտապես շատ է աջակցում:
Ինձ էլ այդ տարիներին բազմիցս Փարիզ էին հրավիրում՝ բնակության: Միտք չունեի Հայաստանից հեռանալու և այնտեղ ապրելու, բայց հանգամանքների բերումով մեկնեցի Ֆրանսիա: Իհարկե, ափսոսացի, 10 տարի հետո վերադարձա Հայաստան, քաշքշուկների բախվեցի ու ստիպված կրկին մեկնեցի Ֆրանսիա: Հիմա տարվա ընթացքում տիկնոջս հետ գալիս ենք Հայաստան. տարիների կարոտը մի քիչ փարատում ենք:
Առաջին ցուցահանդեսը
Այն ժամանակվա Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո Ժամանակակից արվեստի թանգարանում հետաքրքիր ցուցահանդես ունեցա: Մինչև հիմա հիշում եմ՝ այնքա՜ն տպավորիչ էր: Հեռուստատեսությունից, տարբեր տեղերից եկել էին, սպասում էին, որ բացումը կլինի, կնկարահանեն: Հանկարծ հոսանքն անջատվեց: Տխրեցի, սպասեցի, հետո գնացի ընկերներիս մոտ՝ Նկարիչների միություն: Մի որոշ ժամանակ անց ինձ հետ կանչեցին՝ ասելով, որ Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Իգիթյանը խնդրում է վերադառնալ: Մտա Ժամանակակից արվեստի թանգարան՝ տեսնեմ 100-ից ավելի մոմեր է վառել ամբողջ սրահում: Մոմերի լույս տակ բացվեց առաջին ցուցահանդեսս:
Դրանից հետո այնքա՜ն շատ ցուցահանդեսներ եղան՝ Ավստրալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլ երկրներում: Գործերս էլ ամենուր առկա են նաև մասնավոր հավաքածուներում: Բայց ամենատպավորիչն առաջին ցուցահանդեսն էր:
Ինչպե՞ս բաժանվել սեփական նկարից
Երբ պրոֆեսիոնալ նկարիչ չես՝ դժվար է գործիցդ բաժանվել: Հետո, երբ պրոֆեսիոնալ ես դառնում՝ այնքա՜ն շատ գործեր ես ունենում: Որտե՞ղ պահես, տեղ է գրավում: Իհարկե, կատակում եմ: Բայց պետք է խոստովանեմ, որ նկարներիս գնորդներն ավելի լավ են նկարներս պահում, մանավանդ՝ եթե սիրում են նկարներ:
30-ամյա բույսը և ոգեշնչումը
Մի օր տղայիս հետ շուկայում զբոսնում էինք: Մի բույս պատահական փողոցում տեսա: Վերցրինք, չորացած տերևները պոկեցինք, տարանք տուն, դրեցինք ջրով ծաղկամանի մեջ: Սկսեց աճել: Երևի 30 տարի է՝ այդ բույսը մեր տանն է: Հաճախ եմ այն նկարում: Հայ ժողովրդի վերածննդին եմ նմանեցնում այն: Նման մի քանի նկարներ ունեմ, որ իրենք են թելադրում իրենց գոյությունը:
…Երկար ժամանակ նատյուրմորտներ եմ արել, հիմա ավելի շատ ֆիգուրատիվ գործեր եմ անում: Ֆրանսիայի պատկերասրահներում պահանջարկն ավելի շատ նատյուրմորտների նկատմամբ է:
Ցուցահանդես՝ Հայաստանում
Հայաստանում Տիգրան Մանսուրյանի 75-ամյակի առթիվ ցուցահանդես ունեցա: Արաքսը երգեց, ես՝ նկարներս ցուցադրեցի: Անկեղծ ասած, պարտադիր չէ, որ անպայման ցուցահանդեսներ ունենամ. այդ առումով շատ աշխույժ չեմ:
Ընկերներիցս մեկը, ում հետ 60-ականներից ենք ընկերություն անում, առաջարկում է Երևանում ցուցահանդես բացել: Դեռ չգիտեմ՝ երբ կլինի, իրենից է կախված:
Տիգրան Մանսուրյանը՝ չափանիշ
Տիգրանն ինձնից մեծ է, և երբ ինձ մի բան ասում է, ինձ համար չափանիշ է: Հայրս էլ իր եղբոր հետ է նման սերտ կապ ունեցել: Երբեք չի պատահել, որ որևէ բանում հակառակվեմ Տիգրանին:
Շատ եմ սիրում Տիգրանի երաժշտությունը: Իր գործերից վերջերս հաճախ «Ռեքվիեմ»-ն եմ լսում: Մաքուր հայկական տարրեր կան այստեղ և Մանսուրյանի գործերում. խենթանում եմ այդ ելևէջների համար: Կարծես թե իմը լինի, այդքան հարազատ է դառնում: Դժբախտաբար, Հայաստանում շատ չգիտեն նրա այն գործերը, որոնք արտասահմանում են հաճախ կատարվում: Այստեղ գիտեն Մանսուրյանի ֆիլմերի երաժշտությունը, որը չեմ կարծում, որ նրա համար արտառոց բան է:
Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Մհեր Մանսուրյանը