Բաժիններ՝

Թիվ 181 դպրոցն ու նրան հարող մանկապարտեզները չեն հանձնվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին. հարցը լուծվեց

Հունիսի 6-ին գործադիրը որոշում ընդունեց 117 մլն դրամ հատկացնել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակներում։

Նախագիծն ընդգրկված էր Կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում։ Ըստ որոշման նախագծի՝ բյուջեից հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության, կրթահամալիրի կրտսեր-դպրոց պարտեզներում՝ նախադպրոցական ուսուցման ծրագրեր:

«Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման, տարածման համար կրթահամալիրը ստեղծում է կապեր պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների, անձանց հետ, որոնք աջակցում են ծրագրի կազմակերպման տարբեր խնդիրների լուծմանը»,- ասված է նախագծում: Նշենք, որ Մ. Սեբաստացի կրթահամալիրին «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված է եղել մինչև սեպտեմբեր՝ մոտ 67 միլիոն դրամ, իսկ հաջորդ ուսումնական տարվա սկզբից՝ մոտ 50 միլիոն դրամ տրամադրել դրամաշնորհային մրցույթով հաղթած կազմակերպությանը՝ ընդհանուր կազմելով 117 մլն դրամ։

117 միլիոն դրամը փոքր գումար չէ, և որքան էլ հիմնավորեն դրա՝ հենց այս կրթօջախին տրամադրելը, միևնույն է, հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ գումարը կտրվեր Մ. Սեբաստացի կրթահամալիրին, եթե, ենթադրենք, այդ դպրոցում չսովորեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը, կամ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ըստ մամուլում տարածված, լուրերի, քավոր-սանիկական հարաբերությամբ կապված չլիներ Փաշինյան ընտանիքի հետ։

Այս որոշումը փոթորկեց թաղամասի բնակիչների ու մասնավորապես 181 դպրոցի շահառու հանդիսացող աշակերտների, ծնողների ու ուսուցչական կազմի անդորրը. որոշմանը հետևեցին բողոքի ակցիաները, սկզբում՝ դպրոցի բակում, ապա՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) ու Կառավարության շենքի մոտ։ Պահանջը մեկն էր. չեն ուզում, որ իրենց դպրոցը ներառվի միասնական կրթական ցանցում, այլ կերպ ասած՝ չեն ուզում հաճախել կրթօջախ, որում դասավանդումը կիրականացվի Մ. Սեբաստացի կրթահամալիրի ծրագրով։

Դպրոցի բակում հավաքված ծնողների հետ զրուցել էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և նշել, որ ինքը մտադրություն չունի իր կրթական ծրագիրը պարտադրել թիվ 181 հիմնական դպրոցում սովորող աշակերտներին։ «Այդպիսի որևէ մտադրություն ես չունեմ, ավելին՝ որևէ փաստաթուղթ իմ գիտությամբ դրա վերաբերյալ չկա։ Մեր կրթահամալիր կարող են ընդունվել միայն այն մարդիկ, ովքեր գիտակցված, ինքնուրույն և կամավոր կընտրեն մեր կրթական ծրագրերը»,- ասել էր Աշոտ Բլեյանը՝ հերքելով ծնողներին հուզող տեղեկությունը։

Ավելի ուշ՝ հունիսի 8-ին, armdaily.am-ի հետ զրույցում Ա. Բլեյանն ասել էր, որ Երևանի թիվ 181 դպրոցն իրենց հետ առնչվում է այնքանով, որ հարևան է իրենց կրթահամալիրին։

«Խոսքն այն բնակելի մեծ թաղամասի մասին է, որ կոչվում է Հարավ-Արևմտյան թաղամասի Բ-1 զանգված կամ ավելի հասկանալի՝ Զորավար Անդրանիկ, Առնո Բաբաջանյան, Րաֆֆի փողոցներով պարփակված տարածքի, որտեղ 100-ից ավելի բնակելի շենքեր կան։ Այդ բնակելի թաղամասում գործում են իրար կպած տարբեր կրթական համալիրներ։ Դրանց մի մասը պատկանում է Մ. Սեբաստացի կրթահամալիրին, ինչպես մեր մայր դպրոցը, քոլեջը, իսկ մյուս մասը քաղաքապետարանի ենթակայության տակ են, ինչպես, օրինակ, 3 մանկապարտեզ և 181 դպրոցը։ Ճակատագրի բերումով մենք մի տարածքում ենք և ունենք միասնական դժվարություններ, խնդիրներ, որոնցից է նաև ոռոգման խնդիրը»,- ասել էր Ա. Բլեյանը։

Ինչ վերաբերում է 181 դպրոցի ծնողների մտահոգություններին, թե նշված կրթական հաստատությունները փոխանցվելու են կրթահամալիրին, ու նրանք իրենց երեխաներին պետք է բերեն Մ. Սեբաստացի կրթահամալիր, Ա. Բլեյանն ասել էր, որ նման հարց չկա և չի կարող լինել։

«Տարածքը ներառված է ծրագրում, որպեսզի տարածքի դպրոցները միասնական ոռոգման ցանց ունենան։ Հողի սեփականատերը քաղաքապետարանն է, հիմա այդ տարածքները մշակող չունեն։ Որպեսզի տարածքը խնամող լինի, լուսավորություն ունենա՝ այն ներառվել է ծրագրում։ Եթե հիմա բարձրանաք, կտեսնեք անտեր, անմշակ անապատ։ «Կրթական պարտեզ» ծրագրի նպատակը հարևան կրթահամալիրների տարածքները միավորելն է»,- ասել էր Ա. Բլեյանը։

Ինչ վերաբերում է կառավարության հատկացրած 117 մլն դրամին, ապա Ա. Բլեյանի խոսքերով՝ այդ գումարը տրամադրվել է 2019թ. հունվարից և ծրագրի հետ որևէ առնչություն չունի։

Այսինքն՝ ըստ Աշոտ Բլեյանի, ողջ այս աղմուկի պատճառը տարածքը ոռոգելն ու խնամելն է, և միայն այդ պատճառով են այդ կրթօջախները՝ թիվ 181 դպրոցն ու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 3 մանկապարտեզները, ներառվել նշյալ ծրագրում։

168.am-ը հարցումներ ուղարկեց երեք գերատեսչությունների՝ Երևանի Քաղաքապետարանին, ԿԳՄՍ-ին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությանը։ Ներկայացնում ենք մեր կողմից ուղղված հարցերը.

1. ՀՀ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունում և Երևանի Քաղաքապետարանում ստացվե՞լ է արդյոք դիմում Մ. Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 թաղամասում գտնվող կրթահամալիրի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցի և վերջինիս հարող 3 նախադպրոցական հաստատությունների բարեկարգման և մեկ միասնական կրթական գոտի ստեղծելու հնարավորությունների վերաբերյալ։

2. Ինչպիսի՞ն է նախարարության դիրքորոշումն այս հարցի շուրջ։

3. Որոշում կայացնելիս արդյո՞ք հաշվի առնվելու են հիշյալ կրթօջախների ծնողական և մանկավարժադաստիարակչական համայնքների կարծիքը, եղե՞լ կամ լինելո՞ւ են նրանց հետ քննարկումներ։

Ստորև ներկայացնում ենք Երևանի Քաղաքապետարանից և ԿԳՄՍ-ից ստացված պատասխանները։ ՏԿԵ-ից պատասխան այդպես էլ չստացանք։

1. Երևանի քաղաքապետարանը Մ. Սեբաստացի կրթահամալիրի վերաբերյալ նույնաբովանդակ գրություններ է ստացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից, որով առաջարկում է Երևանի ենթակայության թվով չորս կրթական հաստատությունների` h.181 դպրոցի և հհ.76, 93, 95 մանկապարտեզների սահմանների վերացում, միջդպրոցական ներթաղային անցումների-հեծանվուղիների ստեղծում, բարեկարգում, ինչպես նաև վերոնշյալ մանկապարտեզների վերանորոգում և վերակազմակերպում՝ որպես դպրոց-մանկապարտեզների:

2. Հ.181 դպրոցն ունի 2049 աշակերտ, որոնց թիվն օրըստօրե աճում է, իսկ նախադպրոցական երեք հաստատությունները հիմնանորոգվելու, բակերը բարեկարգվելու են տարբեր ծրագրերով:

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է առարկություն առաջարկության վերաբերյալ՝ հիմք ընդունելով կրթական հաստատությունների համար սահմանված սանիտարական և քաղաքաշինական նորմերը:

Միաժամանակ ներկայացված ծրագիրն իրագործելու համար Մ. Սեբաստացի կրթահամալիրի տնօրենին առաջարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թերբեռնված հ.87 մանկապարտեզի ազատ և չօգտագործվող տարածքը:

3. Հաշվի առնելով վերոգրյալը՝ քննարկումների անհրաժեշտություն չի առաջացել հիշյալ կրթօջախների ծնողական համայնքի և մանկավարժական համակազմի հետ, քանզի որևէ փոփոխություն Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված չէ:

 ԿԳՄՍ-ի պատասխանը հետևյալն է՝

«Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի ՀՀ վարչապետին (Քննարկումների արդյունքում ԿԳՄՍ-ին վերահասցեագրված) և ԿԳՄՍ նախարարին ուղղված նույնաբովանդակ գրության «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» բաժնում առաջարկվում է Երևանի Մ. Սեբաստացի կրթահամալիրի, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հ. 181 հիմնական դպրոցի, հհ. 76, 93 և 95 մանկապարտեզների մասնակցությամբ «ձևավորել սոցիալական նոր միջավայր, խնամված կանաչ՝ որպես ամբողջական ներառական բնակելի արվարձանի հանրակրթական միջավայր»։

Վերոնշյալ առաջարկությունը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի հետ։

Քննարկման արդյունքում Երևանի քաղաքապետարանը, հիմք ընդունելով գործող իրավակարգավորումների և ներկայացվող առաջարկության հակասություններն ու անհամապատասխանությունները, նպատակահարմար չի համարում գրությամբ առաջարկվող կրթական կազմակերպությունների ներառումը «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ծրագրում, ինչի վերաբերյալ կրթահամալիրը տեղեկացվել է։

Պատասխանները կթողնենք առանց մեկնաբանության, և թող ընթերցողներն ու շահագրգիռ կողմերը որոշեն՝ կա՞ արդյոք հակասություն Աշոտ Բլեյանի խոսքերի և վերոնշյալ պատկան մարմինների պատասխանների միջև, թե՞ ոչ, և արդյո՞ք խոսքը միայն միասնական ոռոգման ցանց ունենալու մասին էր։

Խնդրի շուրջ 168.amը փորձեց զրուցել նաև կողմերի հետ։

Թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դպրոցում սովորող երեխաների այն ծնողները, ովքեր երեխաներ ունեին նաև հարևանությամբ գործող մանկապարտեզներում, արդեն իսկ երկու ամիս առաջ գիտեին այդ ծրագրի մասին, նաև ծանոթացել էին Մ.Սեբաստացի կրթահամալիրի կայքէջում տեղադրված զարգացման ծրագրի այն հատվածին, որում խոսվում էր երեք մանկապարտեզները դպրոց-պարտեզներ դարձնելու և թիվ 181 դպրոցի տարրական դասարանները այնտեղ տեղափոխելու և բեռնաթափելու մասին, և Կառավարության՝ հունիսի 6-ի որոշումը դարձավ այն վերջին կաթիլը, որը լցրեց նրանց համբերության բաժակը։

«Ուզում եմ ասել, որ մեզ մոտ երբևէ խնդիր չի եղել. միայն 2-րդ դասարանցիներն են գալիս առավոտյան ժամը 12:00-ին, գալիս են սիրով, պատրաստ են անգամ 3-րդ հերթով գալ, միայն թե գան այս դպրոցը։ Երբ այդ աղմուկը բարձրացավ, ու ծնողները հավաքվել էին դպրոցի բակում, ծնողների հետ հանդիպելու եկավ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Ա. Ստեփանյանը և հրավիրեց նաև Աշոտ Բլեյանին։ Վերջինս հերքեց ծնողների մտահոգությունը և ասաց, որ խոսքը ոռոգման համակարգի մասին է։ Պետք է ասեմ, որ 181 դպրոցի դիմացի այգու տարածքը կադաստրային վկայականով հենց մերն է, և մենք փորձում ենք հնարավորության սահմաններում բարեկարգել մեր դպրոցի հարակից տարածքները։ Ուզում եմ ասեմ, որ այս տարիների ընթացքում այնտեղ ոռոգման համակարգն ամբողջովին փոխվել է։ Փորձում ենք լուծել կանաչապատման խնդիրները»,- նշեց Լ. Արեյանը՝ հավելելով, որ խնդիրներ կան, իհարկե, բայց դպրոցն իր խնդիրները լուծելու ճանապարհին կարիք չունի միավորվել այլ կրթահամալիրի հետ։

Մեր այն հարցին, թե դպրոցի թվակազմի ծանրաբեռնվածության հետ կապված՝ բողոքներ կա՞ն արդյոք, տնօրենը կտրականապես հերքեց՝ նշելով, որ անգամ նախորդ տարի ընդունելությունը կազմակերպել են միայն դպրոցամերձ Բ1 և Բ4 թաղամասերի երեխաների համար, բայց միևնույն է՝ այլ թաղամասերից ու համայնքին մերձակա գյուղերից նույնպես աշակերտներ են գալիս իրենց մոտ։

«Ծնողների միակ խնդրանքն այն է, որ այս ծրագրից դպրոցը հանեն, և որ այն որևէ առնչություն չունենա այդ ծրագրի հետ, քանի որ մեծ է մտավախությունը, որ հարակից մանկապարտեզները դպրոց-պարտեզներ դարձնելով՝ ժամանակի հետ անխուսափելիորեն տարրական դպրոցը կտեղափոխվի կրթահամալիր»,- ասաց Լ. Արեյանը։

Նա նաև ասաց, որ քաղաքապետարանում տեղյակ են իրենց դիրքորոշման մասին, իրենք պատասխանել են գրությամբ։ Իրենց դիրքորոշումը ստորագրահավաքով ու ԿԳՄՍ-ին դիմելով՝ հայտնել է նաև դպրոցի ծնողական համայնքը։

1982թ. հիմադրված դպրոցն իրավամբ մեծ հեղինակություն ունի։ Ներկայիս տնօրենը դպրոցն ընդունել է 1450 աշակերտներով, ներկայումս նրանց թիվը 2049 է, որից 1100-ը միայն տարրական օղակի աշակերտներն են։ Սա խոսուն թիվ է, անշուշտ, որովհետև մեր օրերում, երբ մեր երկրի դպրոցներից շատերն աշակերտներով համալրվածության խնդիր ունեն, այս դպրոցում հետևողականորեն ավելացող աշակերտների թիվը խոսում է որակի ու նրա նկատմամբ ձևավորված վստահության մասին։

Այս տարվա նորամուծությամբ՝ առաջին դասարանցիների էլեկտրոնային հերթագրման կարգով դպրոցը վաղուց լրացրել է թիվը։ Հայաստանում առաջին դասարանցիների համար ընդունելություն կազմակերպելու ամենամեծ թիվն արտոնված է նույնպես այս դպրոցին, և սեպտեմբերին 275 երեխա առաջին անգամ ոտք կդնի հենց այս դպրոց։

Աշոտ Բլեյանին խնդրեցինք մեկնաբանել թիվ 181 դպրոցի և 3 մանկապարտեզների շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա նախ հարցրեց, թե՝ իսկ ի՞նչ է եղել, ապա, երբ հստակեցրինք հարցը, թե ցանկանում ենք իմանալ, թե ինչ եղավ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարություններին ու Քաղաքապետարանին հասցեագրված իր դիմումների ճակատագիրը, նա ասաց. «Լավ, հիմա ուզում եք բանավոր խոսե՞լ, ի՞նչ եք ուզում։ Ուզում եք՝ հեռախոսով խոսե՞նք»։

Մեր հաստատական պատասխանից հետո, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը նախ ասաց, որ հիմա հարմար չէ, ապա ասաց, որ իր բլոգում բոլոր նյութերը կան, կարող է ուղարկել մեզ, հետո այնուամենայնիվ ասաց, որ լավ կլինի՝ գնանք ու մեր աչքով տեսնենք։

Մենք պնդեցինք, որ մեզ հետաքրքրում է ընդամենը, թե իր դիմումներին ինչ պատասխան են տվել ԿԳՄՍ ու ՏԿԵ նախարարություններից, սակայն Ա. Բլեյանը պատասխանեց, որ հենց դրա համար էլ մենք պետք է տեսնենք՝ ինչի մասին է խոսքը։

«Որովհետև կարող է պատահել՝ Բլեյանն այնպիսի հարց է բարձրացնում, որ հասարակությունն իր առաջադեմ մասով պետք է իր հարցը համարի։ Դա Բլեյանի հարցը չէ, դա բացարձակ Բլեյանի հարցը չէ»,- ասաց Ա. Բլեյանը՝ կրկին հանդիպման պատրաստակամություն հայտնելով։

Ինչևէ. ուշագրավ պատկեր է ստացվում։ Մ. Սեբաստացի կրթահամալիրում ուսուցումը վճարովի է, պետությունն իր հերթին՝ ահռելի գումար է տալիս այս կրթօջախին, և եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանում դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, կստացվեր, որ Ա. Բլեյանի ծրագիրը հաջողելու դեպքում այդ դպրոց կմտներ 1100×139 178 դրամ, այսինքն՝ ևս 153,095,800 դրամ գումար։

Այս պատմությունն ավարտվե՞ց, թե՞ սոսկ ժամանակավոր դադար է տրված մինչև պատեհ ժամանակ, իհարկե, միայն ժամանակը ցույց կտա։ Այս փուլում սոսկ արձանագրենք, որ հաղթեց որակյալ կրթադաստիարակչական միջավայրը, որ, ինչպես թիվ 181 դպրոցի ծնողական համայնքն է պնդում, իրենց երեխաները ստանում են այդ դպրոցում, և որն էլ հենց դարձավ խնդրի դեմ դպրոցի աշակերտների, ուսուցչական և ծնողական համայնքների համախմբվածության պատճառը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս