«Դուք կարծում եք, որ ֆրակցիաները դիկտատուրական կառույցներ են, և վոժդը ոնց որոշում ա, տենց քվեարկո՞ւմ են»

Այս պահին Ազգային ժողովում տեղի է ունենում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խմբակցությունն ազատ է քվեարկում:

«Պատգամավորներ կան, որ կոնկրետ սկզբունքային պահանջներ ունեն, պատգամավորներ կան՝ այլ սկզբունքային պահանջներ ունեն»,- ասաց Մարուքյանը:

Նա հավաստիացրեց, թե չի լսել ԼՀ խմբակցության Արման Բաբաջանյանի ելույթը՝ պատճառաբանելով, որ հանդիպման է եղել.

«Տեղեկացված եմ, որ պետք է ելույթ ունենար և այդ ելույթը կարող էր տարբերվել մեր ելույթներից, նկատի ունեմ՝ Տարոն Սիմոնյանի ելույթից»:

Նա նկատեց, որ ամեն դեպքում թե՛ Բաբաջանյանը, թե՛ Սիմոնյանը խոսել են նոր Հայաստանի մասին, իսկ նոր Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ օրենքներն ու Սահմանադրությունը պահպանվում են:

Թե ինչպե՞ս է վերաբերում, որ իր ղեկավարած խմբակցության պատգամավորին իշխանական պատգամավորները ծափահարել են, Մարուքյանը հարցով պատասխանեց՝ ե՞րբ են ծափահարել:

Նա կրկնեց, որ չի նայել ելույթը:

Է.Մարուքյանը տեսակետ հայտնեց, որ նույն խմբակցությունում կարող են լինել բոլորովին հակադիր կարծիքներ ունեցող պատգամավորներ. «Այո, կարող են լինել տարբեր իրավիճակներ, որ մարդիկ ունենան տարբեր կարծիք, իսկ մենք էդ տարբեր կարծիքները միշտ հարգել ու հարգում ենք: Իսկ դուք կարծում եք, որ ֆրակցիաները դիկտատուրական կառույցներ են, և վոժդը ոնց որոշում ա, տենց քվեարկո՞ւմ են»:

Նա չմանրամասնեց՝ կա՞ խմբակցությունում այլ պատգամավոր, որ նույնպես կողմ է Գրիգորյանի թեկնածությանը, միայն նշեց, որ այլ կարծիքներ ունեցողներ ևս կան:

«Ցանկացած քվեարկություն մենք քննարկում ենք՝ ունենալ միասնական դիրքորոշում, թե ազատ թողնել՝ հաշվի առնելով դիրքորոշումների տարբերությունը,- ասաց Է.Մարուքյանը և հավելեց,- Եթե մի քվեարկությամբ գուժելու եք մեր խմբակցության վախճանը, ձեզ լուսավորեմ՝ նման բան չկա»:

Տեսանյութեր

Լրահոս