Բաժիններ՝

Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերն ինստալացիոն ձևաչափով կցուցադրվեն «Այրարատ» կինոթատրոնում

Այս տարի հունվարին Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնում ներկայացվել էր «Կինոյի տաճար» ծրագիրը՝ նվիրված աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

Ծրագիրը նախաձեռնել են  Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Վերջինիս հետ Ազգային կինոկենտրոնը կնքել է 5-ամյա պայմանագիր՝ հայկական դասական ֆիլմերի թվայնացման և տարածման վերաբերյալ։

Փառատոնի շրջանակներում ինստալացիոն ձևաչափով ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի մի մասը, որոնք նախորդ տարվանից սկսած թվայնացվում են։

Ծրագիրը ներառել է ոչ միայն ինստալացիոն ձևաչափով ցուցադրությունը, այլև զուգահեռ ցուցադրվել է Փարաջանովի «Եռանկար» ֆիլմերը՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով»՝ Վրաստան, «Կիևյան որմնանկարներ»՝ Ուկրաինա,  և «Հակոբ Հովնաթանյան»՝ Հայաստան։

Կարդացեք նաև

Դեռևս նախորդ տարի Ազգային կինոկենտրոնը, լեհական «Ֆիքսաֆիլմ» ընկերության հետ միասին՝ պրոդյուսեր  Դենիել Բըրդ, սկսել էր հայ դասական ֆիլմերի թվայանացումը, որի առաջին փուլը նվիրված էր Սերգեյ Փարաջանովին։

«Հակոբ Հովնաթանյանը»  առաջին ֆիլմն է, որը վերականգնվել է «Համո Բեկնազարյան» ֆիլմերի վերականգնման նախագծի շրջանակներում։ Ֆիլմի ցուցադրման բոլոր իրավունքները պատկանում են Հայաստանին։

«Առաջին ծրագրով վերականգնված ֆիլմը Սերգեյ Փարաջանովի վավերագրական «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմն է, որը շատերը չէին տեսել։ Նախորդ տարի հունիսին ֆիլմի ժապավենները տարանք Լեհաստան, որպեսզի այն վերականգնենք, սեպտեմբերին ֆիլմն արդեն պատրաստ էր։ Դեռ մեկ տարի էլ չի անցել, սակայն այն բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել և ցուցադրվել միջազգային տարբեր փառատոներում՝ Լոնդոնում, Նիդեռլանդներում, Ստամբուլում, Բրյուսելում և այլուր, ինչը մեծ հաջողություն է մեզ համար։ Ճանաչում են ֆիլմը, որին զուգահեռ՝ ճանաչում  են նաև մեր երկիրը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

Նրա խոսքով՝ «Հակոբ Հավնաթանյան» ֆիլմի թվայնացմանը զուգահեռ՝ սկսել են աշխատել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերը թվայնացնելով, այդ կադրերը պահպանվել են 103 տուփ ժապավենով։

«Մեր դասական ֆիլմերի թվայնացման ֆինանսավորումը չի իրականացվել պետական աջակցությամբ, ֆինանսավորումն ապահովել են դրսի հիմնադրամները։ Ֆիլմերի թվայնացումը բավականին թանկ հաճույք է, և մեր պետությունն ի վիճակի չէ նման գումարներ տրամադրելու։ Ճիշտ է, Կինոկենտրոնի համար սա շատ ծանր է, բայց մենք պարտավոր ենք  վերականգնել ֆիլմերը և պահպանել մեր ժառանգությունը։ Դենիել Բըրդն առաջինն է դիմել մեզ, որպեսզի միասին վերականգնենք  դասական ֆիլմերը։ Վերջինս սիրում է Փարաջանովի և Բեկնազարովի ֆիլմերը»,- շեշտեց Շ. Միրզախանյանը։

Նա տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի Ռոտերդամում ինստալացիոն ձևաչափով ցուցադրված «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերը և  «Եռանկար» ֆիլմերը ցուցադրվեն նաև Հայաստանում։

Ցուցադրությունը կկայանա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 8-ին։ Ժամանակաշրջանը հատուկ է ընտրված, քանի որ այս օրերին Հայաստանում են լինելու բազմաթիվ կինոգործիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Նույնիսկ արդեն որոշված է ցուցադրմանը վայրը՝ «Այրարատ» կինոթատրոնը (նախկին «Ռոսիա» կինոթատրոն)։

«Սա շատերի համար լինելու է բացահայտում, քանի որ կինոթատրոնի նախասրահը շատերը չեն տեսել։ Ցուցադրությունը բաց է լինելու բոլորի համար, անվճար բոլորը կարող են գալ և դիտել ֆիլմը»,- ընդգծեց Շուշանիկ Միրզախանյանը և հավելեց, որ «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով  նախատեսում են ստեղծել նոր ֆիլմ, որը կկոչվի «Անհայտ Փարաջանով»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս