Բաժիններ՝

«Շատ ՀԴՄ կտրոններ տպելը դեռ չի նշանակում, որ ունենալու ենք պետության զարգացում». փորձագետը՝ Փաշինյանի գրառման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ՀԴՄ կտրոններին՝ նշելով, որ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այս տարի Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել:

«Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում: Ուզում եմ նաև ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած և շոշափելի բարձրացման իրական հեղինակը:

Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել: Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով»,- գրել էր վարչապետը։

Մեզ հետ զրույցում ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս գրառմանը՝ նշեց, որ կարևոր է, թե Կառավարությունն իր համար ի՞նչ թիրախներ է սահմանում։

«Եթե ՀԴՄ-ները տպում են, ապա դրանից հարկեր է գոյանում, այսինքն՝ այն ցույց է տալիս շրջանառությունը։ Եթե բիզնեսը հարկվում է շրջանառության հարկով, ապա դրա տոկոսադրույքներով համապատասխան հարկեր են գանձում։ Եթե Կառավարությունը ՀԴՄ կտրոնների շատ տպելը համարում է հաջողության գրավական, թող համարի, բայց սա չի նշանակում, որ դրանով ունենալու ենք պետության զարգացում։ Մեզ ցույց են տալիս աճ, բայց այդ աճն ինչի՞ հաշվին է, ո՞ր ոլորտներում է. կարևորը կառուցվածքն է։ Որովհետև եթե կան մի քանի խոշոր խաղացողներ, օրինակ՝ մոլերը, որոնք իրենց վրա են վերցրել առևտրաշրջանառության մեծ մասը, կամ «Երևան սիթի» առևտրի ցանցը, որը, եթե ՀԴՄ կտրոն շատ է տպում և ունենում է 20 տոկոս աճ, այդտեղ ո՞վ է հարստանում։ Հարցի պատասխանը պարզ է։ Սա չի կարող խոսել կայուն զարգացման մասին»,- նշեց Հ. Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ՀԴՄ կտրոնների շատ տպվելուց, եթե գոյանում են հարկեր, ապա այստեղ հաջորդ գլխավոր հարցն այն է, թե պետությունն արդյո՞ք արդյունավետ է ծախսում ռեսուրսները։ Քանի որ կարող են միլիոնավոր ՀԴՄ կտրոններ տպել, բայց պետությունն իր ռեսուրսներն օգտագործի անտեղի, որի արդյունքում ո՛չ տնտեսական զարգացում տեղի կունենա, ո՛չ երկիրը կզարգանա։

«Եթե զինվորականների աշխատավարձը բարձրանում է, պետությունում քաղաքացու բարեկեցությունը բարձրանո՞ւմ է, ինչպե՞ս են չափում բարեկեցությունը։ Բարեկեցության մի մասն էլ առողջապահության համակարգն է, որը քայքայման եզրին է, նույնը նաև կրթության համակարգն է, սոցիալական ծառայությունները, որը, կարելի է ասել՝ գոյություն չունի, բարեկեցությունն այս ամենն է ապահովում։ Կառավարությունը փորձում է խաղ ստեղծել, նախորդ Կառավարությունը նույնպես այդպես էր անում, որ մյուսներին ներգրավի այդ խաղի մեջ, իբրև դրանք իր հաջողության ցուցանիշներն են։ Բայց արդյո՞ք ճիշտ է հաջողությունը չափել այդ ցուցանիշներով»,- հավելեց ֆինանսական հարցերով փորձագետը։

Հարցին՝ մեկ տարվա ընթացքում Կառավարությունը տնտեսական ոլորտում տեսանելի որևէ հաջողություն գրանցե՞լ է, Հովհաննես Ավետիսյանը նշեց՝ տեսանելի առումով որևէ հաջողություն չի գրանցել։

«Եթե արտահանման թվերը նկատի ունեն, որոնք փոքր-ինչ աճում են, չի կարելի համարել տեսանելի հաջողություն, ապա դրանով էլ մի քանի օլիգարխ կարող են հարստանալ, պետության տեսանկյունից ցուցանիշներն աճեն, սակայն պետությունը չզարգանա։ Տեսանելի հաջողությունն այն է, երբ, օրինակ՝ լավանում են տնտեսական ենթակառուցվածքները՝ ճանապարհները, էներգետիկ ու աղբահանության համակարգը, ջրամատակարարումը և այլն։ Այս ամենը տեսե՞լ եք։ Եթե վարչապետը համարում է, որ շատ ՀԴՄ կտրոն տպելը հաջողություն է, ապա արդյո՞ք դա է մեր երկրին ու ժողովրդին անհրաժեշտ։ Ես ասում եմ՝ ոչ, որովհետև դա արդյունք չի կարող ունենալ»,- ընդգծեց Հովհաննես Ավետիսյանը։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս