«Կամ պետք է համանախագահները զարկ տան պայմանավորվածությունները կյանքի կոչելուն, և Ադրբեջանն էլ գիտակցի դա, կամ պետք է հասկանան՝ դրան հետևելու են պատժիչ գործողություններ». Թևան Պողոսյան

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։

ՊՆ մամլո խոսնակի այս գրառումը փոթորիկ է առաջացրել համացանցային, հատկապես՝ ադրբեջանական տիրույթում ու լրատվամիջոցներում, և ըստ իրենց քարոզիչների՝ այդ գրառումը հավաստիքն է այն փաստի, որ հրադադարը խախտում է պաշտոնական Երևանը, և դրա համար էլ այս պահից ադրբեջանական բանակը հայտարարում է շնագայլերի որսի շրջան, ասել է թե՝ իրենց կողմից այսուհետ կատարվելիք ցանկացած գործողության պատասխանատվություն ստանձնելու է հայկական կողմը։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ «Հայաստանում պատերազմի կողմնակիցների ու դրանց հովանավորների իրականացրած հերթական արյունալի գործողությունը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հերթական հանդիպման նախաշեմին ծառայում է բանակցությունները չեղարկելուն ու տարածաշրջանում լարվածության բարձրացմանը»։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ինֆորմացիա էր հրապարակել այն մասին, որ շփման գծի տեղամասերից մեկում արձանագրվել է ադրբեջանցի զինծառայող Էլշան Խալիլովի մահը։

Այս տեղեկությունը, սակայն, Sputnik Армения-ի հետ զրույցում հերքել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը, ինչն էլ ադրբեջանական կողմին հիմք էր տվել պնդել ու միջազգային հանրությանը ներկայացնել, թե իբր սահմանային լարվածության պատասխանատուներն անձամբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն են։

Արծրուն Հովհաննիսյանի գրառման, դրա դիվանագիտական ու ռազմական հետևանքների, սահմանային լարվածության դեպքերի հաճախակիության մասին 168.am-ը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ։

Վերջինս նախ նշեց, որ բոլոր հարցերը ճիշտ մեկնաբանելու համար պետք է հետ գնալ ու տեսնել, թե ինչ է տեղի ունեցել ավելի վաղ։ Խոսքը հետաքննության ու մոնիտորինգի մեխանիզմներ ներդնելու կամ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների մասին է։

«Մինչ այս հայտարարությունը մենք արդեն իսկ ունեինք վարչապետ Փաշինյանի հարցուպատասխանը Սանկտ Պետերբուրգում, երբ ինքը շատ մանրամասն ներկայացրեց։ Մենք հետաքննություն ենք արել, նաև համանախագահներին ներկայացրել ենք բոլոր տվյալները, նաև տեսագրությունների տեսքով, որտեղ հասկանալի է եղել, որ մեր կողմից կրակ չի եղել, իրենք առաջինն են խախտել հրադադարը ու սպանել են մեր զինվորին՝ Սիփան Մելքոնյանին։ Դրանից հետո հարց է առաջանում՝ եթե հետաքննություն է իրականացվել, ու մեխանիզմները կան, ի՞նչ սանկցիաներ են կիրառվում»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ մենք համանախագահներին ներկայացրել ենք իրավիճակը, բայց որևէ արձագանք չենք տեսել։

Ըստ բանախոսի՝ նախկին փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում, և ինքն Արծրուն Հովհաննիսյանի գրառումը հասկանում է՝ որպես այս քաղաքականության շարունակություն, որ, եթե մենք մեր պայմանավորվածությունների շրջանակում ամեն ինչ արել ենք՝ և տեսանյութերն ենք տվել, և զենքերն ենք ստուգել, և եթե որևէ արձագանք չի լինելու, ստիպված էլի պատժիչ գործողություններն անելու ենք մենք, ինչը և արել ենք։

«Եվ դրա համար մենք տեղեկացնում ենք, որ իրենք բոլորը հասկանան՝ կամ պետք է համանախագահները զարկ տան պայմանավորվածությունները կյանքի կոչելուն, և Ադրբեջանն էլ գիտակցի, կամ պետք է շատ լավ հասկանան, որ դրան հետևելու են պատժիչ գործողություններ, չնայած 1994թ.-ից ի վեր պատժիչ գործողությունները հետևել են։ Բայց առաջ կար այլ քաղաքականություն, չկային այս պայմանավորվածությունները, հիմա կան դրանք, և Հայաստանն իր քայլն է անում, որ դրանք կյանքի կոչվեն, և այդ պատժիչ գործողությունները հենց այդ նպատակով են արվում, ինչին որ Ադրբեջանն իր արձագանքը պետք է տար»,- ասաց ՀՀ նախագահի խորհրդականը։

Վերջինս նշում է, որ այն, ինչով Ադրբեջանը սպառնում է մեզ, արդեն երկու շաբաթից ավելի է՝ իրականացնում է, և վերջերս էլ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ սահմանագծում խախտումները շատացել են, սրացումներ են գնում, և, բնականաբար, միակ զսպող ուժը, ինչպես միշտ եղել է, այնպես էլ ապագայում է լինելու, Արցախի պաշտպանության բանակն է և ՀՀ զինված ուժերը, որոնք շատ լավ տիրապետում են իրավիճակին և իրականացնում են իրենց գործողությունները, բայց եթե առաջ չէին ցանկանում ասել այդ մասին, այժմ մեսիջ են հղում միջազգային հանրությանն այն իմաստով, որ ցանկացած դեպքում հետևելու են պատժիչ գործողությունները։

Մեր այն հարցին, թե ինչպես կհասկանա այդ մեսիջը միջազգային հանրությունը, Թևան Պողոսյանն ասաց, որ որպեսզի միջազգային հանրությունն այն հասկանա այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, մենք պետք է դրա վրա աշխատենք։ Այս պահին արվել են այս քայլերը, հետո լինելու են այլ քայլեր, բնականաբար, բացատրվելու է ամեն ինչ բոլոր այլ մեխանիզմներով, մինչև գիտակցեն և հասկանան։

ԱԺ նախկին պատգամավորի դիտարմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հետևյալն է՝ «մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, մեր կողմից եղել է քննություն, մենք մեր ամեն ինչը ստուգել ենք և տրամադրել ձեզ տեղեկություններ, բայց քանի որ կարծես թե ձեր կողմից գործողություններ չկան, մենք ենք անելու դրանք, և դրա մասին մենք հիմա ձեզ տեղեկացնում ենք, և Արծրուն Հովհաննիսյանն այդ տեղեկությունը տրամադրել է»։

Այն հարցին, թե որոնք են լինելու այն գործողությունները, որոնք կհետևեն այս հայտարարությանը՝ թե դիվանագիտական և թե ռազմական ոլորտներում, Թևան Պողոսյանը պատասխանեց.

«Ռազմական ոլորտում պետք է զգոն լինել և որևէ պարագայում թույլ չտալ ոչ վարքագծային, ոչ այլ կարգի շեղում։ Զիվորական իշխանություններն ասացին, որ պատժելու խնդիր է դրված, և նույնիսկ անհրաժեշտության դեպքում կանխիչ գործողություններով պետք է պատժել հակառակորդին։ Մենք հիմա առաջնագծում ունենք համապատասխան համակարգեր, որոնք թույլ են տալիս հիմա ավելի խորքային դիտարկում կատարել և ավելի զգոն լինել։ Դիվանագիտական գործողությունները լինելու են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների կողմից՝ դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու և պահանջատեր  լինելու այն առումով, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում, Ժնևում և Սանկտ Պետերբուրգում, պետք է կյանքի կոչվեն, և հստակեցվեն այն սանկցիաները, թե ինչ է հետևելու դրանց չկատարման դեպքում։

168.am-ի այն դիտարկմանը, թե իրականում միշտ էլ եղել են պատժիչ գործողություններ, բայց այսպիսի արձագանքը նորություն էր, ուրեմն այս երկու մարտավարություններից ո՞րն է ճիշտ՝ այդ մասին չբարձրաձայնե՞լը, թե՞ այսպես արձագանքելը, Թևան Պողոսյանն ասաց, որ յուրաքանչյուր ժամանակահատված իր տակտիկան է ունենում։

«Առաջ, քանի որ չկային պայմանավորվածություններ, ապա օգտագործվում էին այն ժամանակ եղած մոտեցումները։ Վաղը կամ երբևէ այլ վիճակի փոփոխություններից ելնելով՝ այլ հռետորաբանություն կարող է օգտագործվի, այլ մեխանիզմներ։ Հնարավոր է՝ լինի այլ, եռակողմ պայմանավորվածություն, և դա էլ իր խնդիրներն է բերելու։ Այս պահի դրությամբ, քանի որ մենք ունենք այս ամենը, ունենք բոլոր ապացույցները, որ մեր կողմից որևէ կրակոց չի եղել, իրենք իրենց համար մարդ են սպանել իրենց զինվորներից, հերիք չէ, մի հատ էլ դա օգտագործել են մեզ վրա կրակելու համար ու սպանել են մեր զինվորին, սրանք կանխելու համար եղել են պատժիչ գործողություններ, և այդ մասին տեղեկություն է հրապարակվել»,- պարզաբանեց Թևան Պողոսյանը։

Մեր այն հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները վերջին տարում անտեսված էին, և դրանց մասին, համենայն դեպս, պաշտոնական խողովակներով, վարչապետի, ԱԳ նախարարության մակարդակով հիշատակումներ բավականին ուշ սկսեցին կատարվել, և ավելի շատ հայտարարությունների ու հաղորդագրությունների մեջ վերելակային դիվանագիտությանն էր հղում կատարվում, Թևան Պողոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ այս ամենը մի համակարգ է, մեր երկրի քաղաքականության շարունակությունն է։

«Պետք չի, որ մենք ինքներս նստենք ու այդ բաժանումներն անենք։ Քաղաքական գործիչները կարող են իրենց թույլ տալ քաղաքական տեսակետից իրենց ներքին խնդիրների համար դա անել, բայց միջազգային ասպարեզում մենք երկրի անունից ենք հանդես գալիս, և դրանք բոլորը մեկ համակարգ են, ու այդ համակարգի մեջ էլ որոշվում է, թե որն է պետք շեշտադրել տվյալ վայրկյանին. Եղած դիվանագիտական ինստիտուտը որոշելու է՝ որն է ավելի կարևոր։ Գլխավորն այն է, որ երբևէ որևէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել։ Զոհրաբ Մնացականյանը միշտ է դրա մասին խոսել։ Որպես երկիր՝ Հայաստանի մոտեցումն այն է եղել, որ երբևէ այդ պայմանավորվածությունները չի հանել։ Առհասարակ մենք պետք է հասկանանք, թե որ վայրկյանին ինչ է պետք, որ կետում ինչ է պահանջվում, և հենց դա էլ այդ ժամանակ օգտագործենք»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս