Նիկոլ Փաշինյանի համար Արտակ Զեյնալյանի հրաժարականն անակնկալ չի եղել
Պարզվում է՝ Արտակ Զեյնալյանը Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում կայացրել է՝ գնահատելով հրապարակումները, տեղեկատվական հոսքը, հաշվի է առել նաև դժգոհությունները` անկախ նրանից` դրանք օբյեկտիվ, թե սուբյեկտիվ են, հիմնավորված, թե անհիմն: Համենայնդեպս այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ինքը՝ Զեյնալյանը:
Հարցին, թե ինչն է իրեն անհանգստացրել տեղեկատվական հոսքում, ինչն է նրան հանգեցրել այդ որոշմանը, նա պատասխանել է, որ այն ամենը, ինչ շրջանառվել է. «Բնականաբար, նաև այն դժգոհությունները` անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ են, հիմնավորված են, թե անհիմն: Այդ ամենը վերալուծելով՝ ես այդպես եմ նպատակահարմար գտել»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ դատարանի մուտքերի արգելափակման հայտնի ակցիան ևս Զեյնալյանի մոտ դժգոհություն է առաջացրել և գուցե հրաժարականը նաև դրա հետ է կապված` նա պատասխանել է, որ այդ ակցիայի հետ կապված արդեն տվել է պարզաբանում, որը համընկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանման հետ:
«Դատական իշխանության կողմից իրականացված գործողությունները, որոշումները նույնականացվել են գործադիր իշխանության հետ, և ակցիան նպատակ է հետապնդում գործադիրը տարանջատել դատական իշխանությունից»,- նշել է նա:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ արդյո՞ք հրաժարականի թեմայով խոսել է, թե՞ ոչ, դա վարչապետի համար անակնկալ եղե՞լ է, Զեյնալյանը պատասխանել է` ոչ, անակնկալ չէր:
Հարցին էլ, թե հնարավո՞ր է քննարկումների արդյունքում մտափոխվի, Զեյնալյանը պատասխանել է, որ հիմա որոշում ընդունելու հերթը վարչապետինն ու նախագահինն է: Նա նաև ասել է, թե նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, վստահեցրեց, որ ինքը հրաժարականի դիմում ներկայացնելով՝ կայացրել է քաղաքական որոշում: