«Վահե Գրիգորյանն ինչպես եղել է ՀՀ նախագահի թեկնածու, այդպես էլ մնացել է ՀՀ նախագահի թեկնածու». Նիկոլ Փաշինյան
«Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է Հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն: Եվ խորհրդարանի այդ մեծամասնությունը քաղաքական քմահաճույքով մերժել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուին: Այսինքն՝ մինչև «Իմ քայլը» դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը Վահե Գրիգորյանը նախորդ գումարման Ազգային ժողովին ներկայացվել է ՀՀ նախագահի կողմից՝ նրա կողմից հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում: Եվ ստացվել էր մի իրավիճակ, երբ նախորդ խորհրդարանական մեծամասնությունն այդ տրամաբանությամբ մերժել էր Հանրապետության նախագահի թեկնածուին: Կարծում եմ՝ Հանրապետության նախագահն առաջնորդվել է այդ տրամաբանությամբ, որ անարդարությունը վերացվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման մասին:
Ըստ նրա՝ առաջադրված երկու այլ թեկնածուները մերժվել են ԱԺ մեծամասնության կողմից՝ համարելով, որ այդ թեկնածուներին այս փուլում չպետք է ներկայացնել: Ըստ նրա՝ նախորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը չի առաջադրվել նաև այն պատճառով, որ օրենսդրական տարընթերցումներ են եղել:
«Ես կարծում եմ՝ Վահե Գրիգորյանն ինչպես եղել է Հանրապետության նախագահի թեկնածու, այդպես էլ մնացել է Հանրապետության նախագահի թեկնածու»: