Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի աջակիցներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց 2019 թվականի մայիսին կայացած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովի աջակիցներին եւ օժանդակողներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնելուց առաջ անդրադարձավ համաժողովի կազմակերպման աշխատանքներում աչքի ընկած անձանց ու կազմակերպությունների արդյունավետ, փոխհամագործակցված աշխատանքին, ինչի շնորհիվ այն բարձր գնահատականի է արժանացել հանրապետության ղեկավարության ու մի շարք գերատեսչությունների կողմից:

«Այս դահլիճում է հավաքվել այն կորիզը, որն օգնեց ու աջակցեց մեզ՝ գործարար համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու եւ անցկացնելու հարցում: Համաժողովն իր բովանդակային առումով ու բարձր մակարդակով տպավորել է ՀՀ վարչապետին ու մի շարք գերատեսչությունների ղեկավարների, որտեղ անուրանալի է ձեզանից յուրաքանչյուրի դերակատարությունը: Ուրախալին այն է, որ համաժողովի կազմակերպչական աշխատանքներն անցնում էին համերաշխության եւ փոխհամագործակցության մթնոլորտում, որտեղ ամեն մեկը հստակ պատկերացնում էր իր անելիքը՝ ցուցաբերելով անհրաժեշտ նվիրվածություն: Սա ես համարում եմ մեր թիմային աշխատանքի առաջին լուրջ ձեռքբերումը եւ հույս հայտնում, որ նույն կերպ կշարունակենք մեր հետագա քայլերը տնտեսական, կրթամշակութային կյանքի զարգացման ոլորտներում՝ կյանքի կոչելով կենսական նշանակության բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել առաջիկայում: Մենք այս տարի եւս Հայաստանի Հանրապետությունում առաջին տեղում ենք սուբվենցիոն ծրագրերի ներկայացման առումով, որոնց իրականացման արդյունքում մեր մարզը մոտակա շաբաթների ընթացքում վերածվելու է շինհրապարակի: Մենք շատ շուտով լուրջ հաջողություններ կգրանցենք մեր մարզի տնտեսության մեջ, համարելով, որ այդ հաջողությունների հիմքը դրվել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովում: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ մարզպետարանի աշխատակիցներին, Վարդաձոր, Վարդենիկ, Լճաշեն, Երանոս, Գավառ համայնքների ղեկավարներին, կամավորներին, հովանավորներին, հասարակական կազմակերպություններին ու անհատ աջակիցներին» ,-նշեց մարզպետը:

Շնորհակալագրերի հանձնումից հետո խրախուսվածները միմյանց շնորհավորեցին հյուրասիրության սեղանի շուրջ:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս