Բաժիններ՝

ՍԾՏՀ կենտրոնակայանում ներկայացվել է ՀՀ ՓՄՁ հատվածի զարգացման փորձը

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում անցկացված կազմակերպության փոքր և միջին ձեռնարկատիրության հարցերով աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մայիսի 29-ին ներկայացրել է ՓՄՁ-ների զարգացման ոլորտում Հայաստանի փորձը:

Շնորհանդեսի սկզբում հակիրճ ներկայացվել է ՓՄՁ-ների խրախուսման ՀՀ քաղաքականությունը, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործունեությունը, որն ուղղված է ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության և ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական ծրագրերի աջակցությանը, ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:

Այնուհետև ներկայացվել է Հայաստանում հանրօգուտ և սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների առաջին աքսելերատորի՝ ImpactAim-ի հիմնադրման գաղափարն ու գործունեությունը: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից ստեղծված հանրօգուտ ներդրումների աքսելերատորը նորարարական նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների՝ ներառյալ ՓՄՁ-ների և սթարթափերի ազդեցության մեծացումն է ՀՀ-ում և այլ երկրներում՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

Ամփոփելով, ՀՀ պատվիրակությունը մատնանշել է հանրօգուտ ներդրումների և սոցիալական ձեռներեցության ոլորտում ՍԾՏՀ անդամ պետությունների և ձեռնարկությունների, մասնավորապես« ՓՄՁ-ների և սթարթափերի միջև համագործակցության կարևորությունը, որի արդյունքում նորարարական հանրօգուտ նախագծերը կարող են կիրառվել նաև տարածաշրջանի մյուս երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս