Մինսկում կայացել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում
Մինսկի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության շենքում մայիսի 24-ին կայացավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Համայն հայոց բանաստեղծ» խորագրով ստեղծագործական երեկոն՝ կազմակերպված Բելառուսում Հայաստանի դեսպանության և «Բելառուս-Հայաստան» միության աջակցությամբ։
Միջոցառման բացմանը ելույթի խոսքով հանդես եկավ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի բելառուսական միության նախագահ Նինա Իվանովան, ով նշեց, որ, ընդհանուր հոգևոր միջավայր ստեղծելով, պոեզիան հանդիսանում է ժողովուրդների միջև բարեկամության ամենաամուր և ամենազորեղ կամուրջներից մեկը։ Պոեզիան հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել ժողովրդի ավանդույթների, մշակույթի, պատմության վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ Հովհաննես Թումանյանի պոեզիան միաժամանակ Հայաստանի ու հայերի և բոլորի՝ ամբողջ մարդկության մասին է։
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր ելույթում ընդգծեց երեկոյի հիմնական խորհուրդը․ «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները, արվեստը տասնամյակներ անց կարողանում են իրենց շուրջը համախմբել տարբեր սերունդների ներկայացուցիչների։ Հայ մեծանուն գրողն իր ստեղծագործություններում չէր տարանջատում սերն առ հայրենիք և սերն առ հայ ժողովուրդ»։
«Բելառուս-Հայաստան» միության նախագահ, պոետ, լրագրող, «Բելառուս» միջազգային ռադիոյի տնօրեն Նաում Գալպեռովիչը (Наум Яковлевич Гальперович) իր խոսքում առանձնակի նշեց լեզուների միասնությունը, խոսքը, որը ժողովրդից է գալիս բոլոր լեզուներով նույնի մասին՝ հայրենի հողի հանդեպ սիրո, համերաշխության, համառության, պայքարի։ «Սա այն է, ինչ մենք պետք է սովորենք հայ ժողովրդից»,- ընդգծեց Նաում Գալպեռովիչը։ Նա հավելեց, որ բելառուսները ևս ցեղասպանություն վերապրած ժողովուրդ են հանդիսանում, և զոհվածների քանակի շահարկումը պատմական եղելության խեղաթյուրման նպատակով անընդունելի է։
Ելույթի խոսքով հանդես եկավ նաև «Բելառուս-Հայաստան» միության անդամ, Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը, ով, խոսելով երկու ազգերի նմանության մասին, ընթերցեց Հովհաննես Թումանյանի և բելառուս պոետ Յանկա Կուպալայի բանաստեղծություններից հատվածներ։
Երեկոյի ընթացքում բելառուս ուսանողների կողմից ընթերցվեցին Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, «Էրեբունի» պարի համույթի սաները հանդես եկավ հայկական ազգային պարերով։
Երեկոյին ներկա էին նաև Մինսկյան քաղաքային մշակութա-լուսավորչական «Հայաստան» միության» նախագահ Գեորգի Եղիազարյանը, համայնքի ներկայացուցիչներ, բելառուս մտավորականներ և ուսանողներ։