
«Ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան»

Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը ներդրումային ծրագրի շնորհիվ կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին ու կվերագործարկվի։
Այս մասին մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։
«Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017թ. «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ը հիմնեց«Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։ 2017թ. սեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվեց կոնցեսիոն պայմանագիր, որը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան, ներդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասաց Թադևոսյանը։
Ծրագրի շրջանակներում ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում, որից 800 միլիոնն արդեն արված է։