«Միայն մղձավանջային երազում կարելի է պատկերացնել, որ Արցախի ղեկավարությունը կարող է ինչ-որ ձևով ինչ-որ տարածքներ հանձնել»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների դռները փակելու մասին հայտարարությանը և դրան հաջորդած ելույթում հնչեցրած որոշ մտքերի։ Ըստ իրավապաշտպանի՝ Փաշինյանի պահանջը դատաիրավական բարեփոխումների մասով չէ, այլ չենթարկվող դատավորներին պատժելու։
– Պարո՛ն Իշխանյան, որպես իրավապաշտպան՝ ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչը՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վերաբերյալ՝ ասելով, որ ժամը 12-ին կհայտարարի, թե ինչու է պետք գնալ այդ քայլին:
– Չեմ ուզում մեկնաբանել՝ որպես իրավապաշտպան, այլ՝ որպես անձ. եթե իրավապաշտպանությամբ չզբաղվեի, միևնույն է` այս հարցի մասին կունենայի իմ կարծիքը։
Նիկոլ Փաշինյանի մոտ դեռևս գործում է հեղափոխական տրամադրությունը։ Չնայած նա այսօր տիրապետում է Ազգային ժողովի սահմանադրական մեծամասնությանը, տիրապետում է ոչ կոալիցիոն, միասեռ կառավարությանը, և, տվյալ դեպքում, իմ տպավորությամբ, նույն հեղափոխական տրամադրությամբ, ոչ թե իր ունեցած իշխանության շրջանակներում՝ ուզում է հնազանդեցնել դատարաններին։
Ես ուղղակի մի օրինակ բերեմ. նախորդ, ինչպես ասում են, ռեժիմի ժամանակաշրջանում կային քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններ՝ «Սասնա ծռերի», «Սամվել Բաբայանի», «Նորքի գործի» դատավարությունները, և եթե հիշում եք՝ ինչ ձևով էին վարվում դատարանները, որոնք համարվում էին նախկին ռեժիմի դրածոներ, ինչպես էին փաստաբաններին հեռացնում դահլիճից, լարված մթնոլորտ էր միշտ լինում, և այլն։ Իշխանափոխություն տեղի ունեցավ։ Եթե խոսքը վերաբերում է նախորդ ռեժիմից մնացած դատավորներին, ապա այդ դատավորները նույն ձևով կշարունակեին այդ դատավարությունները, բայց հանկարծ՝ այդ նույն դատավորները խափանման միջոցները փոխեցին, ազատեցին, և այլն։ Այսինքն, տվյալ դեպքում դատարանները, զգալով՝ իշխանությունները փոխվել են, հարմարվեցին նոր իշխանությանը։ Սա՛ է մեր դատական համակարգը, որը ստեղծվել է 1995 թվականից։
Եվ այդ տեսակետից կարծեք թե խնդիր չուներ Նիկոլ Փաշինյանը, բայց երկու անգամ նա փաստորեն սպառնաց դատարաններին, մեկը՝ Ազարյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ժամանակ, մյուսն էլ՝ Գրիգորյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեպքում։
Այսինքն, դեռևս կան դատավորներ, որոնք կա՛մ փորձում են գործել ինքնուրույն, կա՛մ նրանց վրա դեռևս ուղղակի ճնշում չի եղել: Եվ սա զայրացրել է Նիկոլ Փաշինյանին։ Փաստորեն, խոսքը ոչ թե դատաիրավական բարեփոխումների մասին է, այլ չենթարկվող դատավորներին պատժելու մասին։
Իսկ ինչպե՞ս պատահեց, որ գլխավոր դատախազը, որը ժամանակին պաշտպանում էր այդ նույն մեղադրանքները դատարաններում և նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էր գործ հարուցել, հանկարծ այսօր ժողովրդի կամքն է արտահայտում։
– Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո՞ վարչապետը նման կտրուկ քայլի անհրաժեշտություն տեսավ:
– Այո՛, ես վստահ եմ, որ սա էր խնդիրը։
– Շատերը վարչապետի կոչն ու դրան հաջորդած իրադարձությունները համարեցին Սահմանադրական կարգի տապալում: Ո՞րն է Ձեր գնահատականը։
– Հաղթողներին չեն դատում, և քանի որ ողջ դատաիրավական համակարգը գտնվում է միանձնյա իշխանության հսկողության տակ, ապա այստեղ որևէ խոսք լինել չի կարող հետևանքների մասին։
– Ն. Փաշինյանն իր այսօրվա ելույթում խոսեց նաև Արցախի մասին՝ ասելով, թե դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Եթե հայտարարել է անցյալ տարի, մինչև հիմա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվել։
– Սա շատ վտանգավոր հայտարարություն էր Փաշինյանի կողմից և որևէ հիմք չունեցող, որովհետև միայն մղձավանջային երազում կարելի է պատկերացնել, որ Արցախի ղեկավարությունը կարող է ինչ-որ ձևով ինչ-որ տարածքներ հանձնել։ Ինձ թվում է՝ Փաշինյանին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ Արցախի ղեկավարությունն ինքնուրույնություն է ցուցաբերում և հլու-հնազանդ չի ենթարկվում իրեն։ Եվ սա նյարդայնացած անձի խոսք էր և, նորից եմ կրկնում, շատ վտանգավոր։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան