Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ ուշադիր հետևում եմ արդեն հինգերորդ օրն ընթացող նախընտրական քարոզարշավին։ Չնայած այն փաստին, որ Փաշինյանը վերջին մեկուկես ամիսը իր «ուրախ ավտոբուսով» վոյաժներ էր անում, քարոզարշավ իրականացնում, հերթական ասֆալտով հիանում, քեֆ անում ու մարդկանց մատակարարում մանիպուլյացիոն հերթական դոզաները, պետք է փաստեմ, որ քարոզարշավի ընթացքում նույն Փաշինյանը ոչ մի ծրագրային ելույթ չի ունեցել։ Նա չի խոսում այն մասին, թե վերընտրվելու դեպքում ինչ նոր անելիքներ ունի, չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները։ Փոխարենը՝ առկա է պոպուլիզմի ու դեմագոգիայի հերթական չափաբաժինը, անիմաստ գոռգոռոցը՝ ճղճղոցով համեմված։
Արդեն ամիսներ շարունակ շրջանառվող «տեր կանգնենք խաղաղությանը» կեղծ թեզից բացի՝ որևէ այլ գաղափարական կամ քաղաքական ուղերձ չի հնչում։ Ի տարբերություն Փաշինյանի՝ ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում են հստակ թիրախային ուղղությունների մասին, նշում են, թե հատկապես որ հարցերի վրա են կենտրոնանալու և ինչ փոփոխություններ են իրականացնելու։
Ի դեպ, պետք է նշել նաև, որ եթե ընդունենք, թե վերջին երկու տարիներին Հայաստանում «խաղաղություն» է, ապա դրան զուգահեռ պետք է արձանագրենք նաև, որ երկրի տնտեսությունը անկում է ապրում գրեթե երկրաչափական պրոգրեսիայով, իսկ պետական պարտքը բազմապատկվել է։
Հենց սրանով էլ պայմանավորված է, որ բովանդակային օրակարգից զուրկ իշխանությունը, և մասնավորապես Փաշինյանը, իր քարոզարշավի ընթացքում դիմում է սադրիչ քայլերի՝ անընդհատ թիրախավորելով ընդդիմությանը և նրանց հասցեին տարբեր էպիտետներ կիրառելով։ Այն պահին, երբ հասկանում է, որ իր քարոզարշավը մղվում է երկրորդ պլան, անմիջապես որևէ սկանդալային դրվագ է բեմադրում։ Մի դեպքում՝ ոտքի վրա աշխատանքից ազատում է զինվորականի, մեկ այլ դեպքում հայտարարում, թե «Արցախում դպրոց չի կառուցվել» կամ «Արցախում հայերը չեն ապրել, այլ պատանդ են եղել»։
Այսօրվա գագաթնակետը Ծառուկյանի հետ կապված դրվագն էր, երբ Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ և սկսեց ցինիկ բառապաշարով թիրախավորել ու պիտակավորել՝ տիրաժավորելով բացահայտ սպառնալիքներ։ Հանուն արդարության պետք է նշել, որ Ծառուկյանի պատասխանը բավականին կոլորիտային ու տպավորիչ էր, հատկապես այն հատվածը, երբ հայտարարեց՝ «կլասս չեմ գցելու»։
Ահա այս պատկերն է վերջին օրերին հայաստանյան նախընտրական քարոզարշավում»։



