Բաժիններ՝

«Ադրբեջանցին հայի տանն ավելի շատ է հաց կերել, քան իր տանը, բայց հետո դարձան «փսացած» շներ». Եփրաքսյա տատիկ

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ազատագրումից 26 տարի է անցել։ 1993 թվականի փետրվարին գյուղի ազատագրումը խլեց բազմաթիվ երիտասարդների կյանք, նրանց ապրած ու չապրած տարիների, գյուղի գրավումից մինչև ազատագրումն ու առաջին հրդեհված տան փոխարեն՝ նոր տուն կառուցելու բոլոր մանրամասները դրոշմված են 86-ամյա Եփրաքսյա տատիի հիշողությունում։

Անցած պատերազմն իր հետքը թողել է ոչ միայն հաթերքցիների, այլև բակերի վրա կախված յուրաքանչյուր մեծ դռների՝ դարպասների վրա, դրանց վրա թշնամու փամփուշտների հետքերն անթիվ են։ Եփրաքսյա տատիկի դարպասն էլ բացառություն չէր։

Քանի որ Հաթերքում տարվա այս սեզոնին, այն էլ՝ կեսօրին, երեխաներից բացի, դժվար է ավելի տարիքով մարդու հանդիպել փողոցում՝ յուրաքանչյուրն իր բան ու գործին է, այդ պատճառով էլ թակեցինք առաջին պատահած դարպասը. դա Եփրաքսյա տատիկի տունն էր։

Սկզբում նա չէր ցանկանում զրուցել գյուղի անցած-գնացած օրերի մասին՝ վերքերը կրկին չփորփրելու ու նորից ցավ չապրելու համար, ուստի պատճառաբանեց, որ խելքը «թռցրել» է՝ բան չի հիշում։

«Մեծ կին եմ, մինը սխալ կասեմ, մինը ճիշտ կասեմ»,- ասաց Եփրաքսյա տատը։

Հետո հասկանալով, որ խելքը «թռցնելու» իր բնորոշմանն այդքան էլ չենք հավատացել, խորամանկորեն ժպտաց, ձեռքի փայտը խփեց ոտքի տակի քարերին ու ասաց.

«Հիմա գյուղում շատ լավ է, հացը կա՝ ուտում ենք, ջուրը կա՝ խմում ենք, գործը կա՝ անում ենք։ Չարչարվել ենք, որ պատերազմից հետո նորից տուն սարքենք։ Բայց այսօրվա երիտասարդներն այդքան էլ չեն ուզում նոր տուն սարքեն՝ «թամբալ» են, ասում են՝ հող չենք մշակի, կգնանք ամեն ինչ կառնենք։ Վեց երեխա ունեմ՝ չորս աղջիկ, երկու տղա։ Գյուղում մի տղաս է ապրում, մյուսները Ռուսաստանում են»։

Ասում է՝ եթե երկրի դրությունը լավ լինի, պատերազմ չլինի, մարդիկ էլ լավ կլինեն, երիտասարդներն էլ իրենց գործ կգտնեն ու կաշխատեն։

Հիշում է՝ Արցախի պատերազմի ժամանակ ամեն վայրկյան ընտանիքի ու գյուղի ողջ բնակչության հետ միասին պայքարել են գոնե մեկ վայրկյան երկար ապրելու համար, իսկ այսօր այդ օրերը հիշելիս՝ հոգու խորքում հպարտություն է ապրում՝ չէր պատկերացնում, որ հայերի փոքրաթիվ զորքին կհաջողվի Արցախն ազատագրել թշնամու մեծաթիվ զորքերից։

«Ամեն օր «սամալյոտներ» էին պտտվում տան վերևում, թխում ու թխում էին՝ թըմփ-թըմփ-թըմփ, մի օր բակում մեծ տղայիս հետ հաշվել ենք, յոթ «սամալյոտ» կար։ Չէինք մտածում, որ պատերազմում հաղթելու ենք, ասում էինք՝ ով ուժեղ է, նա էլ կհաղթի։ Մերոնք քիչ էին, բայց լյոխ լավ էին»,- արդեն ծիծաղելով՝ պատմում է Եփրաքսյա տատը։

Նա հիշեց նաև ապրիլյան պատերազմի օրերը, ապրիլի 2-ին ընտանիքով թողել են գյուղը և գնացել Ստեփանակերտ: Ասում է՝ զինվորներն այդ օրերին գյուղը շատ լավ են պաշտպանել.

«Շորերս լվացել ու թառ-թառ փռել էի, գնացինք Ստեփանակերտ, հետ եկանք, այդպես էլ փռած էր։ Ես ուզում եմ, որ Հայաստանն ու Արցախն իրար հետ հաշտ ու խաղաղ ապրեն, ադրբեջանցիները հիմա իրար հետ լավ են, իսկ մենք դարձել ենք «փսացած» շներ, իրար ուտում ենք։ Գլխովս շատ բան է անցել, հիմա հայն ու ադրբեջանցին չեն կարող իրար հետ կողք կողքի խաղաղ ապրեն, հիմա ամեն մեկն ուզում է ինքը հաղթի այս պատերազմում։ Պատերազմն ու ապագան ձմերուկ են՝ առանց կտրելու, ո՞վ գիտի, ի՞նչ կլինի՝ լա՞վ, թե՞ վատ կլինի։ Մենք պետք է ուժեղ լինենք, դիմադրենք»։

Եփրաքսյա տատը պատմում է, որ Վաղուհաս գյուղից է Հաթերք հարս եկել, այն ժամանակ հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ լավ հարևանություն էին անում։

«Ադրբեջանցին հայի տանն ավելի շատ է հաց կերել, քան իր տանը, բայց հետո դարձան «փսացած» շուն»։

Եփրաքսյա տատի համար այսօր ամենակարևոր բանը խաղաղությունն է, ասում է՝ պատերազմի վտանգը մեծ է, բայց վստահ է՝ ինչ էլ լինի, հայն իրեն բաժին հասած կռվում հաղթելու է։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս