Վարչապետի հայտարարություն ԱՄՆ-ում բացասաբար է ընդունվել. Սուրեն Սարգսյան

Հայաստանի ոչ մի կառավարություն այդպես չի քննադատել ԱՄՆ-ին։ Այս մասին ապրիլի 24-ին «Независимой газета»-ին տված հարցազրույցում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Երևանը մտադիր հավասարակշռել հարաբերություները Վաշինգտոնի հետ, երբ Հայաստանի որևէ այլ կառավարություն Վաշինգտոնի կողմից, գոնե հրապարակային, այնպես խիստ չի քննադատվել Սիրիա հումանիտար առաքելության առնչությամբ, ինչպես ներկայիս կառավարությունը։

«Կա և հակառակը։ Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ես եմ քննադատում։ Մեզ համար ամենագլխավորը պահպանելն է մեր ինքնիշխանությունը և անկախությունը։ Իհարկե, մենք չենք կարող գոյատևել՝ մեկուսանալով տարածաշրջանային և միջազգային հարաբերություններից և իրողություններից։ Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նույնիսկ դեպի Սիրիա հումանիտար առաքելության հարցում։ Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին։ Մենք համարում ենք, որ կայացրել ենք ճիշտ որոշում, որը բխում է դեռևս պատմական համատեքստից»,- նշել էր նա։

«Նոր եմ Վաշինգտոնից վերադարձել, մի շարք հանդիպումներ եմ ունեցել և՛ պետական մարմիններում, և՛ գիտական կենտոններում, և՛ լրատվամիջոցների հետ: Այդ հայտարարությունը, բնականաբար, բացասաբար է ընդունվել, որովհետև չեն հասկանում, թե վարչապետն ի՞նչ էր ուզում ասել: Կարծում եմ՝ նպատակն այն էր, որպեսզի ուշադրություն հրավիրի, որ մենք ավելի մեծ աջակցություն էինք ակնկալում, ԱՄՆ-ը, որպես ժողովրդավարությանն աջակցող պետություն, շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ պետք է Հայաստանին տրամադրեր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«ԱՄՆ-ը, եղել է, որ տարեկան կտրվածքով մինչև 100 միլիոն դոլարի օգնություն է ՀՀ-ին տրամադրել՝ հատկապես անկախությունից հետո, իսկ հիմա ԱՄՆ-ի նախատեսած բյուջեով ֆինանսական աջակցությունը 6.8 միլիոն դոլար է: Կարծում եմ՝ վարչապետի այդ հայտարարության նպատակն այն էր, որ, եթե հնարավորություն կա՝ ավելի մեծ ֆինանսական աջակցություն տրամադրեն, ինչպես տրամադրելու են, ենթադրենք, Վրաստանին: Սա մեսիջ էր, որ տրվեց ԱՄՆ-ին: Վարչապետը երկու քննադատական հայտարարություն արել է ԱԺ-ում, բայց կարծում եմ, որ նա ոչ միայն հանրային դաշտում է խոսել, այլ, միգուցե երկրորղ հանդիպումների ժամանակ: Վերջիվերջո, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էլ էր Հայաստանում»,- հավելեց Սուրեն Սարգսյանը:

Կարդացեք նաև

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս