«Ռոբերտ Քոչարյանը երբևէ այս գործով ցուցմունք չի տվել. Դատախազությունը ստում է, երբ ասում է, որ մենք պարբերաբար մոտեցում ենք փոխում». պաշտպան

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն անդրադարձան այն հակափաստարկներին, որոնք ներկայացվեցին երեկվա դատական նիստի՝ Դատախազության առարկությունների շրջանում։

Արամ Օրբելյանը կարծում է, որ, ցավոք, մեր երկիրը շարունակում է ունենալ խորհրդային տիպի Դատախազություն, ուր բոլորին պետք է կալանքի տակ պահել, ուր բոլորը պոտենցիալ հանցագործ են։ Հենց որ հանցագործությունը մի քիչ ոչ ստանդարտ է, անմիջապես մարդուն կալանավորում են։

«Սրա ամենատիպիկ օրինակը գլխավոր դատախազի՝ կցկտուր դատարան ներկայանալն էր։ Մենք կողմ էինք, որ գլխավոր դատախազը ներկա լինի, և ինքը վարի այս գործը, քանի որ այն բարդությամբ այնպիսին է, որ ենթադրում է նման մակարդակի մասնակցություն։ Բայց ակնհայտորեն օգուտ չի բերում, երբ գլխավոր դատախազը ներկայանում է առաջին ու վերջին նիստերին, ընդ որում՝ վերջին նիստին ներկայանում է, երբ քննարկվում է, որ Արցախի նախագահներն են երաշխավորությամբ հանդես գալիս, և իր փակման խոսքում համարյա սպառնում է դատարանին ձևակերպումներով»,- ասաց Արամ Օրբելյանը։

Հովհաննես Խուդոյանը մանրամասնեց, որ խոսքը մասնավորապես դատախազի կողմից հնչեցված կոչերին է վերաբերում՝ չհետևել պաշտպանների դիրքորոշմանը՝ ընդ որում, խեղաթյուրելով պաշտպան Հայկ Ալումյանի խոսքերը, դատարանին լրացուցիչ լարվածության տակ դնելով՝ այն առումով, որ ասվեց, որ ողջ պատասխանատվությունը մնում է վերջինիս վրա, և այլն։

Ա. Օրբելյանն ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքի վրա, որ դատախազների կողմից անդրադարձ չեղավ իրենց այն պնդմանը, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունի, որովհետև, ըստ երևույթին, պատասխան չունեին։

Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ՝ պնդումը, որ երեկ մեղադրանքի կողմն իրենց մեղադրեց մեղադրական եզրակացությունը ֆրագմենտներով ներկայացնելու մեջ, համապատասխանում է իրականությանը, բայց խնդիրն այն է, որ իրենք առանձնացնում են գործի այն մասերը, որոնք վերաբերում են իրենց պաշտպանյալին։

Իսկ մեղադրական եզրակացության 30 էջից ընդամենը երկու պարբերություն է վերաբերում երկրորդ նախագահին։ Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմի գործողությունները միտված են կրկին հանրության շրջանում կրքեր բորբոքելուն։ Իսկ իրենք Դատախազությունից պահանջել են ներկայացնել կոնկրետ գործեր, որոնցում կա իրենց պաշտպանյալի առնչակցությունը, ու հիմնավորել դրանք, բայց այս դատավարության ընթացքում նույնպես այս հարցերի պատասխանները չտրվեցին։

Արամ Օրբելյանն ուշադրություն հրավիրրեց նաև այն փաստին, որ երեկ դատախազն ըստ էության մեղադրեց Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահին ոչ օրինական ակտ կայացնելու մեջ՝ ասելով, որ փաստաթուղթը պատճառաբանված չէ, ու ինքը չի հասկանում, բայց եթե ինքը դա չի կարողանում հասկանալ, դա չի նշանակում, որ որոշումը սխալ է։ Խոսքը 300 և 300.1 հոդվածի դիսպոզիցիաների մասին է։

Պաշտպան Օրբելյանը խոսեց նաև Դատախազության կողմից իրականացվող մանիպուլյացիաների մասին՝ մասնավորապես հիշեցնելով դատախազների այն խոսքը, որ իրենք իբր թե պարբերաբար տարբեր փաստարկներ են ներկայացնում Երկրորդ նախագահի՝ 0038 հրամանից տեղեկացվածության մասով։

«Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Պաշտպանական կողմը և Ռոբերտ Քոչարյանը սույն գործի շրջանակներում ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, և քանի որ ինքը ցուցմունք չի տվել, մոտեցման փոփոխության մասին խոսք չի կարող լինել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ, եթե սոցցանցերում կամ ԶԼՄ-ներում այդ թեմայով քննարկումներ են լինում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմը դիրքորոշում է փոխում։

Ինչ վերաբերում է ՊՆ ծառայողներին այդ օրերին գումար բաժանելուն, Ա. Օրբելյանը նկատեց, որ, երբ մի բան ուզում են թաքցնեն, ապա դրա վերաբերյալ տեղեկանք չեն կազմում ու այն արխիվացնում։

Հովհաննես Խուդոյանը հավելեց, որ այդ գումարները նախապես չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց, և եթե համարում են, որ դա բացասական երևույթ է, թող տրվի մեկանաբանություն, թե դա օրենքի ո՞ր պահանջին է հակասում, և արդյո՞ք այն հանցագործություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս