Ստամբուլահայ երեխային «իսլամացրած» թուրք հաղորդվարը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայում 13-ամյա Արթուր անունով հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը շարունակում է թուրքական և հայկական հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այն բանից հետո, երբ Արթուրի մայրը հայտարարեց, թե իր որդին իրականում իսլամ չի ընդունել, թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուն, ում հաղորդման ժամանակ էր տեղի ունեցել աղմուկ հանած միջադեպը, թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ։
Հաթիփօղլուն պնդել է, թե արարողությունը անցկացնելուց առաջ ստացել էր մոր և խորթ հոր համաձայնությունը և որևէ ճնշում չի գործադրվել երեխայի վրա։
Ըստ Հաթիփօղլուի՝ իր պարտականությունը իսլամը քարոզելն էր։ Նա հայտնել է, որ թեմայի շուրջ անգամ խոսակցություն է ունեցել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Արթուրի մայրը՝ Ermenihaber-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի։
Անչափահասի մայրը տեղեկացրել էր, որ ինքը իրականում տեղյակ չի եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:
Մոր՝ Ալինայի խոսքով իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:
Կինը նաև հերքել է, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար: