Բաժիններ՝

Ինչու «Ջրավաճառ տղայի» քանդակը կրկին  հայտնվեց Անգլիական այգում

Երևանի «Ջրավաճառ տղայի» քանդակը, որը 1970 թվականին տեղադրվել էր Երևանի Անգլիական այգում, այնուհետև տեղափոխվել  Շահումյան հրապարակի այգի, այսօր էլ դեգերումների մեջ է։ Պատճառն այն է, որ  Շահումյան հրապարակի անկյունային բարեկարգված այգու կառուցապատող բարերարներն ի սկզբանե խնդիր են դրել արձանը տեղափոխել նախկին վայր՝ Անգլիական այգի։

Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ի՞նչ եղավ արձանը։

«Ես հնարավորություն չեմ ունեցել այդպես մանրամասն զբաղվել այդ արձանով, քանի որ այնքան արձանների հարց կա այսօր։ Երբ հանդիպեցի այգին կառուցող բարերարներին, ես ասացի, որ կարելի է՝ այդ քանդակը մնա այգում, քանի որ այնտեղ արդեն արձաններ կան, բայց նրանց կողմից պատասխանը եղավ այն, որ չեն պատկերացնում այն այդ այգու մեջ։ «Ջրավաճառ տղայի» քանդակը չգիտեմ, թե որտեղ էր պահվում, այն ռեստավրացիայի էր ենթարկվել, երբ այգու կառուցումն արդեն ավարտում էին, զանգահարեցին, ասացին, որ ցանկանում են քանդակը  տեղադրել Անգլիական այգում։ Մի փոքր  հանձնաժողովով գնացինք, այգում տարածք գտանք ու արձանը դրեցինք Անգլիական այգում»,- նշեց Արթուր Մեսչյանը։

Այնուհետև նա զարմացավ, թե քանդակի հետ կապված ի՞նչն է անհանգստացնում։
«Ախր սա գլխավոր ճարտարապետի խնդիր չէ, ինչ կատարվում է  քաղաքում՝ «մեղավորը» գլխավոր ճարտարապետն է, այդպես չէ, էլի, տղերք, մի քիչ ուրիշ ձև է»,- եզրափակեց Արթուր Մեսչյանը։

Նշենք, որ քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանի հեղինակած այդ քանդակը համարվում է պետական հուշարձան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս