«Մենք արդեն հրաշալի հայրիկների սերունդ ունենք». հոգեբան
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց՝ որպես Ընտանիքի օր:
«Բավական լավ մշակույթ է ձևավորվել հայ ընտանիքի մոտ՝ հոգեբանական համատեղելիությունը մարդկանց ուշադրության կենտրոնում է: Հայ ընտանիքում ավանդականի և ժամանակակիցի հետաքրքիր շաղախ է նկատվում: Որոշակի տարիքային շեմը հատած (10-15 տարի) ընտանիքն արդեն իսկ հոգեբանների հետ քննարկում է երեխաների ժամանակակից դաստիարակության ոճերը, փորձում են իրենց ընտանեկան զարգացման դինամիկան տանել այն ուղղությամբ, որ ընտանիքը մի գեղեցիկ օր չկանգնի ամուսնալուծության շեմին, որովհետև չենք կարող չփաստել, որ տարեցտարի ամուսնալուծությունների թիվը շատանում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Խոսելով սեռական գրագիտության մասին՝ հոգեբանը նշեց, որ 10 տարի շարունակ ընտանեկան հոգեբանության ոլորտում վարում են բազմաթիվ դասընթացներ՝ ծնողների, մանկավարժների համար:
Մարիամ Մեհրաբյանը չցանկացավ խոսել աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքույկի մասին՝ ասելով, որ այն ընդամենն անհաջող թարգմանության արդյունք է:
«Չենք ժխտում, որ սեռադաստիարակության խնդիրը կարևոր է: Կան նյութեր՝ հայ սեքսոպաթոլոգի և հոգեբանների կողմից գրված, որոնք հասանելի են:
Սեռադաստիարակություն պետք է սկսել նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակներից, որոնք ցավոք, շատ ծանրաբեռնված են: Հետևաբար, այստեղ այլ հաստիքի ու կադրերի խնդիր կա: Նշեմ մեկ ցավալի փաստ, որ, եթե Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կա սեքսոպաթոլոգիայի ամբիոն, ապա այն անհասանելի է ապագա մանկավարժների համար: Այսինքն՝ համակարգային խնդիրը պետք է լուծել կրթական ոլորտում, և ոչ թե՝ որոշակի ձևով ստանալ մեկ բան, որն ուղղակի աղմուկ հանեց»,- հավելեց հոգեբանը:
168.am–ի հարցին՝ երիտասարդ զույգերն ամենաշատն ինչպիսի՞ խնդիրների դեպքում են իրենց դիմում, Մարիամ Մեհրաբյանը պատասխանեց.
«Սկզբում դիմում էին արդեն քայքայված հարաբերությունների վիճակում, բայց, քանի որ տարիներ շարունակ մենք ասացինք, որ կարևոր է նախաամուսնական համատեղելիության փուլը, հիմա ունենք 20-22 տարեկան երիտասարդներ, որոնք գալիս են պարզապես նախաամուսնական համատեղելիության ախտորոշման՝ իրենց ուժեղ և թույլ, կոնֆլիկտ հարուցող կողմերը պարզաբանելու համար, որովհետև մենք «ես»-ի մեջ ունենք այնպիսի բաղադրիչներ, որոնք ընտանիքում կարևորվելու են կա՛մ որպես առաջատար, կա՛մ գնալու են մեկ քայլ հետ: Այսօր ունենք 30-40 տարեկան զույգեր, ովքեր պլանավորում են երկորդ երեխա, մտածում են՝ արդյո՞ք իրենք պատրաստ են, դա չի՞ խանգարի առաջին երեխայի ներդաշնակ զարգացմանը: Ունենք զույգեր, որոնք երկար ժամանակ վարձակալությամբ են ապրել, դա տևական սթրես է եղել:
Խնդիրը սոցիալական է, բայց հոգեբանականի վրա շատ ուժեղ ազդեցություն ունի: Երիտասարդների մոտ շատ լուրջ հոգեբանական խնդիր է նաև այն, որ նրանք կարիերայի մրցավազքի մեջ հաճախ սկսում են միմյանց հետ չշփվել: Կարևոր է միասին ժամանակ անցկացնելը, շփումը, համագործակցային ոճը: Չէ՞ որ մեզ մոտ երբ կինն աշխատում է և ամուսնուն խոստանում է, որ ամեն բան կհասցնի, իսկ ամուսինն էլ ասում է՝ եթե կհասցնես, աշխատիր, սա նույնպես պետք է հաղթահարենք, որովհետև, եթե ընտանիք է, ապա զույգի պարտականությունները հավասար պետք է բաշխվեն: Մենք արդեն հրաշալի հայրիկների սերունդ ունենք: Փողոցում հաճախ կարելի է հանդիպել նրանց, տեսնել, թե ինչպես են խնամում երեխային: Դա հայրիկների մի խումբ է, որն իր կնոջ կողքին է: Կինն այդ ժամին կարող է աշխատել կամ զբաղվել իր հարցերով»:
Անի Կարապետյան