«Ոչ ֆորմալ հանդիպումներն ունեն միայն մեկ նպատակ». Ադրբեջանագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում ոչ ֆորմալ կարճ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Ես և պարոն Ալիևն ընթրիքի ընթացքում կարճ զրույց ունեցանք: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,- հանդիպման հետ կապված՝ ասել է վարչապետը:
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոչ ֆորմալ հանդիպումներն ունեն միայն մեկ նպատակ՝ երկարացնելու պատերազմի վերսկսման ժամկետները, քանի որ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը։
«Համոզված եմ, որ նման հանդիպումները հայկական կողմին տալիս են բաղձալի խաղաղությունը երկարաձգելու հնարավորություն։ Բայց դրան զուգահեռ՝ պետք է նկատենք, որ վերջին շրջանում սահմանային լարվածության աճ է նկատվում։ Կարծում եմ՝ այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք առաջին թեման երևի սահմանային լարվածությունն է եղել։
Կրկնում եմ՝ այս հանդիպումներից հայկական կողմը շահում է, որպեսզի ժամանակ ունենա և պատրաստվի ադրբեջանական նոր ագրեսիային, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը չի էլ թաքցնում, որ պատրաստվում են մեծ ագրեսիայի։ Սրա մասին շատ պարզ խոսում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որ հայտարարում է, որ կցանկանար հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի հետ հենց Երևանում։ Նույն ռազմական հռետորաբանությամբ է խոսում նաև Մեհրիբան Ալիևան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։
Նրա կարծիքով, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա Ադրբեջանի փոխնախագահն ու պաշտպանության նախարարն Ալիևը հետ «կարող են հասնել Երևան և Հանրապետության հրապարկում ծնկի իջնել հայ ժողովրդի առջև՝ տարիներ շարունակ իրենց կատարած հանցագործությունների համար»։ Այլ կարգավիճակով, նրանք չեն կարող հայտնվել Հայաստանում։
«Եթե պատերազմ վերսկսվի, այս անգամ մենք պարտավոր ենք այն վերջնակետին հասցնել և հասնել նրան, որ կնքվի Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի մասին պայմանագիր։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր երկրի ու ժողովրդի համար տարածաշրջանում խաղաղության հնարավորություն ստեղծել։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի ռազմական շանտաժն ու գործողությունները կարող են վնասել մեր երկրին։ Անշուշտ, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ղեկավարները միմյանց հետ շփվելիս պետք է ցուցաբերեն դիվանագիտական մոտեցումներ և Արցախի հարցում հաջողության հասնեն միասնաբար»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։
Զվարթ Խաչատրյան