«Ռուսաստանը մեր ընկերն է». Արմեն Սարգսյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հարատև արժեք են, որը չի կարող ժամանակի հետ փոփոխության ենթարկվել: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ռուսական «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հայ-ռուսական դարավոր պատմություն ունեցող հարաբերություններին, ինչպես նաև երկրի զարգացման հեռանկարներին:
– Առաջին հարցը ռուս-հայկական հարաբերությունների մասին է: Ինչպե՞ս եք գնահատում այս հարաբերություններն ու զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:
-Ես գնահատել, գնահատում և ապագայում էլ գնահատելու եմ դրանք որպես կոնստանտ: Դրանք մշտական են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք պատմականորեն եղբայրներ ու բարեկամներ ենք: Զենքի բարեկամներ: Ճակատագրի բարեկամներ: Հավատքի բարեկամներ: Ես գնահատում եմ հարաբերությունները որպես հարատև արժեք, որը ժամանակի հետ չի կարող փոխվել: Դրանք մեր մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի և ապագայի մի մասն են:
– Այսօր ի՞նչ հեռանկարներ ունի երկիրը: Ինչպե՞ս եք այն գնահատում:
– Պատասխանը մեկն է. երկիրն ունի հսկայական ներուժ, ես տեսնում եմ զարգացման մեծ պոտենցիալ: Եվ մի քանի պատճառով: Կարող եմ ձեզ հետ կիսվել դրանցից մեկով կամ երկուսով: Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը կարողանում է յուրաքանչյուր մեծ դժվարությունից, անգամ մեծ ողբերգությունից՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո վերածնվել: Ողջ աշխարհում հայերի սփռվելուց հետո երկիրը վերածնվեց իբրև Փյունիկ և նայում է առաջ: Միշտ առաջ:
Այս ճանապարհին միշտ էլ լինում են դժվարություններ, սակայն կարծում եմ՝ մենք մի ժողովուրդ ենք, որը կարողանում է հաղթահարել բարդությունները: Թե՛ ինքնուրույն, թե՛ ընկերների հետ: Իսկ Ռուսաստանը մեր ընկերն է: Կարծում եմ՝ 21-րդ դարում մենք կարող ենք շատ առավելություններ ունենալ, քանի որ Հայաստանը գուցե և փոքր, բայց համաշխարհային ազգ է: Որքան Հայաստանում, մոտավորապես նույնքան հայեր էլ բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, նրանց մի մասը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Շատ եմ ուզում հավատալ, որ նրանք լավ քաղաքացիներ են, քանի որ նրանք պետք է նախ և առաջ լինեն Ռուսաստանի Դաշնության լավ քաղաքացիներ և, բնական է, որ երբեք չմոռանան իրենց պատմական արմատներն ու մշակույթը:
Հայերը շատ են նաև Ամերիկայում՝ թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Ամենուր: Դա մեծ ուժ է: 21-րդ դարն այն ժողովուրդներինն է, որոնք կապեր ունեն ողջ աշխարհում: Սա այն ժողովուրդների դարն է, որոնք գիտեն ջանալ և հաղթահարել դժվարությունները: Դարն է այն ժողովուրդների, որոնք կարողանում են պայքարել՝ հանուն իրենց ու իրենց ընկերների: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագան պետք է պայծառ լինի: Նախագահից այլ պատասխան դուք չէիք էլ կարող ակնկալել:
– Ավելի վաղ նշվում էր, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումների: Եթե այո, ապա ո՞ր ոլորտներում:
– Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի կարծիքը: Այն, ինչ կարող եմ մեկնաբանել, հետևյալն է՝ ռուսական բիզնեսը Հայաստանում է արդեն շատ երկար տարիներ: Եվ աշխատում է հիմնարար կերպով: Կան ներդրումներ տարբեր երկրներից՝ և՛ Եվրոպայից, և՛ Հեռավոր Արևելքից, և՛ Մերձավոր Արևելքից, և՛ Ամերիկայից: Սակայն ռուսական բիզնեսը միշտ էլ եղել է, և ինչ-որ առումով մենք շատ հաճախ չենք էլ նկատել այն, ասես այդ բիզնեսը ներքին էր: Ընդ որում, Հայաստանում ներդրումներ էին արել ոչ միայն մաքուր ռուսական ընկերությունները, այլև այն ռուսական ընկերությունները, որոնց կազմում կան ազգությամբ հայեր: Դրանք շատ մեծ ներդրումներ են, և կարծում եմ, որ ապագայում էլ քիչ չեն լինի:
– Կարդացել եմ, որ առաջիկայում մտադիր եք այցելել Մոսկվա: Ընդհանրապես, որքա՞ն հաճախ եք լինում մեզ մոտ և ի՞նչ կուզեիք առաջին հերթին տեսնել մեր երկրում:
– Առաջիկայում պաշտոնական այց չունեմ, սակայն Մոսկվայում շատ հաճախ եմ լինում: Եվ չեմ կարծում, որ Մոսկվան ու Պետերբուրգն այն քաղաքներն են, որտեղ կուզեի լինել ինչ-որ բան նայելու համար, քանի որ դեռ մանուկ հասակից, երբ հորս հետ առաջին անգամ Լենինգրադում ու Մոսկվայում էի, շատ լավ գիտեմ այդ քաղաքները: Այնուհետև արդեն ուսանող էի՝ ասպիրանտ: Բացի այդ, մեր ընտանիքում հստակ պատմություն կա՝ կապված Ռուսաստանի հետ, այն սերում է մեր նախնիներից, պապիկից և ավարտվում է իմ որդիներով:
Այդ պատճառով, ես լինում եմ Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում՝ իբրև տանը: Իսկ ի՞նչը տեսնելու ցանկություն է ամեն անգամ առաջանում: Դե… գուցե մի լավ համերգ: Ես ամեն ինչ սիրում եմ: Դասական երաժշտություն: Երբ վերջին անգամ կնոջս հետ Մոսկվայում էի, այցելեցինք Մեծ թատրոն՝ դիտելու «Աննա Կարենինա» ֆենոմենալ ստեղծագործությունը: Այդ ներկայացումը թե՛ իմ, թե՛ կնոջս համար բացարձակ անսպասելի էր: Եվ ես կուզեի, որ թե՛ Պուշկինի թանգարանը, թե՛ Տրետյակովյան պատկերասրահը ավելի շատ ցուցադրություններ բերեին Երևան: