Մշակվում է ծովային օրենսդրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին՝ Փոթի նավահանգստում սեփական դրոշով նավ ունենալ․ «Իմ քայլի» պատգամավոր
«Մենք չենք կարող օպտիմալ կազմակերպել մեր փոխադրումները, քանի որ ԵԱՏՄ երկրների հետ հիմնական կապող ճանապարհը Լարսի անցակետն է, որը տարվա մեջ մի քանի անգամ անանցանելի է՝ և՛ եղանակի, և՛ ծանրաբեռնվածության պատճառով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
«Երբ Լարսի անցակետը ժամանակին կառուցվել է, նախատեսված է եղել օրական 3000 մեքենաների բացթողումների համար, բայց այժմ օրը մոտավորապես 10-15 հազար է կազմում։ Եվ այս դեպքում մեզ մնում է այլընտրանքային՝ ծովային ճանապարհը, որը մինչ այժմ օգտագործել ենք լաստանավի միջոցով՝ հիմնականում երկաթուղային փոխադրումների համար, իսկ հիմա դիտարկում ենք նաև կոնտեյներային փոխադրումների ճանապարհը, որը թույլ կտա բեռները Երևանից տեղափոխել Փոթի նավահանգիստ, որից հետո կոնտեյներային փոխադրում կլինի: Լաստանավի օգտագործումը քննարկվել է, այս պահին ունենք մեկ լաստանավ, որը օգտագործում է Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ն, և որը, սակայն, անսարքության պատճառով չի կարող սպասարկել տնտեսվարողներին»,- մանրամասնեց պատգամավորը:
Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ այս պահին աշխատանք է տանում՝ ծովային նավահանգիստ ունենալու օրենսդրական նախաձեռնության հետ կապված, որի նպատակն է՝ սեփական դրոշով նավեր ունենալ, ինչը բավական լավ ֆինանսական պայմաններով կիրականացնի փոխադրումներ։
«Աշխարհում կա 44 երկիր, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով: ՄԱԿ-ի կոնվենցիայով իրավունք է տրված, որպեսզի ունենան իրենց օրենսդրությունը և դառնան լիարժեք «ծովային երկիր»՝ իրենց ամենամոտ՝ երրորդ երկրի միջոցով իրականացնեն ծովային փոխադրումներ: Այդ դեպքում յուրաքանչյուր նավ պետք է անպայման ունենա որևէ երկրի դրոշ, նավերը գրանցի այդ երկրում, համապատասխան վճարներ կատարի այդ երկրի բյուջե, և կատարեն իրենց բիզնեսը: Իդեան, իհարկե կարճաժամկետ չի, անտեղ պետք է միանալ տարբեր կոնվենցիաների։
Օրինագիծը գրեթե ավարտին է հասցվում, պետք է անցնի իրավական և այլ փորձաքննություններ, հույս ունենք, որ կարճ ժամանակում կկարողանանք իրականացնել ծրագիրը և Փոթի նավահանգստում ունենալ սեփական նավը: Քննարկվում է նաև Աբխազիայի և Օսիայի այլընտրանքային ճանապարհը, սակայն, քանի որ ծրագիրը ՀՀ-ից կախված չէ, և այդ հարցով բանակցում են ՌԴ և Վրաստանի գործընկերները, առայժմ համաձայնության չեն գալիս, ուստի քիչ հավանականություան կա այդ ուղղությամբ, և այլընտրանքը ծովն է մնում, քանի որ օդայինը բավական թանկ է»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Անի Կարապետյան