Բաժիններ՝

«Ժենգյալով հացի» փառատոնի շնորհիվ Հաթերքն Արցախում էկոտուրիզմի կենտրոն դառնալու մեծ հնարավորություններ ունի

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կայացավ Ժենգյալով հացի երկրորդ ամենամյա փառատոնը։ Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերից հարյուրավոր մարդիկ են այցելում Հաթերք՝ մասնակցելու փառատոնին։

Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Ժենգյալով հացը», հետաքրքրում է նաև զբոսաշրջիկներին, սա է պատճառը, որ փառատոնի այցելուների շրջանում մեծ թիվ էին կազմում նաև զբոսաշրջիկները։

«Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանի խոսքով՝ նման փառատոն անցկացնելու գլխավոր նպատակներից մեկը Արցախում և շրջաններում էկոտուրիզմի զարգացումն է, փառատոնով նաև Հաթերքն ավելի ճանաչելի կդառնա, քանի որ գյուղն ունի բոլոր հնարավորությունները զբոսաշրջային կենտրոն դառնալու համար։

«Հաթերքն Արցախի ամենահին բնակավայրերից մեկն է, ունի 2500 տարվա պատմություն։ Գյուղն ունի բազմաթիվ հին խաչքարեր, եկեղեցիներ, կա նաև սիրահարների քարանձավ, որի հետ կապված հետաքրքիր լեգենդ կա, գյուղում է գտնվում նաև Արցախի ամենաբարձր գագաթը։ Զբոսաշրջության համար գյուղի ունեցած մեծ պոտենցիալը  մինչև նախորդ տարի չէր օգտագործվում։ 2018 թվականին երբ իրականացրեցին Ժենգյալով հացի առաջին փառատոնը, դրան հետևեց մեծ հետաքրքրությունը գյուղի նկատմամբ։ Նախկինում գյուղացիների համար անսովոր էր իրենց հարկի տակ ընդունել զբոսաշրջիկների, բայց այսօր տասնյակ ընտանիքներ ընդունում են նրանց»,- ասաց Ս. Միրզախանյանը։

Այսօր Հաթերքում փորձում են լուծել զանազան սոցիալական խնդիրներ։ Նախորդ տարի գյուղում բացվել է «Հաթերք ֆուդ» ընկերությունը, որը նպատակ ունի խրախուսել տեղացի գյուղմթերք արտադրողներին։ Գյուղացիներից գնում են նրանց արտադրանքը, փաթեթավորում է «Հաթերք ֆուդ» անվամբ և վաճառում են, որից ստացած հասույթով իրականացնում են տարբեր ծրագրեր, դրանցից մեկն էլ «Ժենգյալով հացի» փառատոնն է։
«Նախորդ տարի փառատոնի ժամանակ կար միայն 15 տաղավար, իսկ այս տարի 30-ն է։ Կարծրատիպեր կար, մարդիկ ամաչում էին թեկուզ տեղում ժենգյալով հաց պատրաստելուց, բայց այսօր արմատավորվում է այն գաղափարը, որ տնային տնտեսուհին ևս կարող է միջոցներ ձեռնարկել և մաս կազմել այս փառատոնին։

Այսօր յուրաքանչյուրը մեծ պատասխանատվություն է զգում համայնքը պատշաճ մակարդակով տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնելու համար, մենք սովորեցրեցինք նաև տեղացիներին գումար աշխատել»,- հավելեց Ս. Միրզախանյանը։
Փառատոնի շնորհիվ՝ գյուղում արդեն գործում է երեք հյուրատուն, եթե զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծանա, ապա նոր հյուրատներ կկառուցեն։

«Նախկինում Հաթերքն ավանդական տուրիստական երթուղիներից դուրս էր, փառատոնից հետո զբոսաշրջիկների հոսքն աստիճանաբար ավելացել է, և այսօր գրեթե ամեն օր գյուղն ընդունում է հյուրերի։ Վստահ եմ, որ ապագայում Հաթերքը դառնալու է Արցախի էկոտուրիստական կենտրոնը»,- շեշտեց Սամվել Միրզախանյանը։

Փառատոնի ընթացքում Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերից կանայք միասին պատրաստեցին մոտ 3 մետրանոց ժենգյալով հացը, որը հավակնություններ ունի գրանցվելու Գինեսի գրքում։ Այն անվանեցին «ժենգյալով հաղթանակ» և նվիրեցին մայիսյան հաղթանակներին։

Հաթերքում մեկնարկել է նաև ճանապարհների վերանորոգումը, փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ հաջորդ փառատոնի ժամանակ հյուրերն այլևս չեն դժգոհի ճանապարհների վատ վիճակից։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս