Բաժիններ՝

Դավիթ Սանասարյանին երկու պատգամավորներ մատնել էին դեռ անցած տարի. Նոր դրվագներ ՊՎԾ գործից

Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կավարտի Պետական վերահսկողական ծառայությանն (ՊՎԾ) առնչվող հեմոդիալիզի պարագաների գնումների հայտնի քրեական գործի նախաքննությունը և գործը կուղարկվի դատարան, գրեթե ամեն շաբաթ մի նոր սկանդալային դրվագ է հայտնի դառնում այս գործի նյութերից:

Հիշեցնենք, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի կողմից կաշառք ստանալու դրվագով տեսանյութի մասին հայտնի հրապարակմանը հաջորդեց մեկ այլ կարևոր տեղեկություն: Մամուլում արտահոսք եղավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի առերեսման մասին, ընդ որում՝ նշվում էր, որ նախարար Արսեն Թորոսյանը ցուցմունք է տվել Դավիթ Սանասարյանի դեմ, ինչին լղոզված արձագանքել էր նախարարը՝ լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք նաև, որ ի պատասխան շրջանառվող տեսանյութի մասին հրապարակման, Դ. Սանասարյանը հայտարարել էր. «Այն խմբագրությունը, որը կհրապարակի կաշառք վերցնելու տեսանյութ, այդ խմբագրությունում ձեռքս կկտրեմ»։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել 168.am-ին, որոնց մասին ճշգրտումները, բնականաբար, հնարավոր չէր լինի անել նախաքննական փուլում, սակայն աղբյուրը պնդում է, որ գործի նյութերում առկա է «պերեպիսկա» Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի միջև: Ամենայն հավանականությամբ՝ խոսքն Արսեն Թորոսյանի շահագրգռվածությունն արտահայտող որոշ խոսակցությունների ու պայմանավորվածությունների մասին է, որոնք առկա են այս երկու անձանց հեռախոսային գրավոր հաղորդակցության մեջ:

Ուստի, բացառված չէ, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ստացած Դավիթ Սանասարյանի ինքնավստահ հայտարարությունները, որոնց մեջ ինչ-ինչ ակնարկներ կան, հենց այս դրվագի վրա է հենված: Նկատենք, մի քանի անգամ Սանասարյանը հայտարարել է, թե էական ինֆորմացիայի է տիրապետում, սպասում է՝ գործի նախաքննությունն ավարտվի, և ինքը խիստ կարևոր հայտարարություն կանի այս ամենի մասին:

Հաջորդ տեղեկատվությունը, ըստ 168.am-ի աղբյուրի՝ ոչ պակաս խոսուն վկայություն է ՊՎԾ աշխատաոճի մասին: Մասնավորապես, Գյուղատնտեսության նախարարության և Սոցիալական պաշտպանության ոլորտում անցկացված մրցույթներին ևս միջամտության գործոն է եղել, որոշ դեպքերում փակ ծրարներն այդպես էլ չեն բացվել՝ հայտարարելու հաղթող ընկերության անունը: ՊՎԾ-ից ուղղորդում է եղել՝ նորից անցկացնել մրցույթ: Այս ամենի ֆոնին ամենաուշագրավ տեղեկությունն իշխանական «Իմ քայլ»-ական պատգամավորների վարքագծին է առնչվում:

Նրանցից առնվազն երկուսը տեղեկացված են եղել ՊՎԾ միջամտությունների մասին, մեկը՝ հենց ներսից՝ Դավիթ Սանասարյանի հետ համատեղ աշխատանքում, մյուսը՝ դրսից, երբ ակամայից ներկա է գտնվել պաշտոնյաներից մեկի սենյակում և ականատես է եղել Դավիթ Սանասարյանի միջամտող զանգին:

Ի դեպ, «կռիշ կանգնելու» մասին հաղորդագրությունը մեծապես հենց այս դրվագին է առնչվում: Դավիթ Սանասարյանը մեծ եղբոր դիրքից իբր «բարեկամական» աջակցություն է փորձել ցույց տալ ներկրողներից մեկին, զանգով խնդրել է, որ ապահովեն պայմաններ, և ստանդարտների վրա աչք փակեն, մինչդեռ տվյալ ընկերության շուկա մուտք գործելը հատուկ կանխվել է մինչ այդ, որպեսզի նույն ապրանքի հայկական արտադրողը խրախուսվի՝ պետության շահից ելնելով:

Այս հեռախոսազանգի և ՊՎԾ-ում անհիմն ընթացք չստացած ուսումնասիրությունների մի քանի դրվագների մասին պարբերաբար զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հստակ ասվելով, որ իր ենթակայության տակ գործող ՊՎԾ կառույցում «կռիշ կանգնելու» սխեմաներ են ուրվագծվում: Նիկոլ Փաշինյանը, ըստ աղբյուրի, սկզբում լուրջ չի վերաբերվել թիմակիցների հաղորդած նյութին, փորձել է ժամանակ շահել, դեպքերը, սակայն, հաճախակի են դարձել, և Փաշինյանը համապատասխան մարմիններին հանձնարարել է հետևել ՊՎԾ ներքին գործընթացներին:

Այս ժամանակահատվածում նկատելիորեն փոխվել է նաև Դավիթ Սանասարյանի հագուկապը, ինչ-որ պահից ՊՎԾ հեղափոխական ղեկավարը սկսել է անթաքույց ժամանակ հատկացնել նաև «ջահելական» թանկարժեք հաճույքներին: Աշխատակիցները վերջերս նկատել են նաև, թե ինչպես է ցուցադրաբար նա անհարկի երկար թևերը սեղանին տարածելով՝ փաստաթղթեր ստորագրում, որպեսզի ի ցույց դնի ոսկե ժամացույցը:

Երեկ օրվա ողջ ընթացքում մեզ հասած տեղեկությունները ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել Դավիթ Սանասարյանի հետ, սակայն չհաջողվեց։ Զրուցեցինք նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հետ: «Նորից ինչ-որ մեկն իր համար քնել, երազ է տեսել, ու հետո էդ երազի սցենարով մի նոր «բացահայտում» է դրել շրջանառության մեջ… իսկ ես չեմ կարող էդպես անվերջ մարդկանց անհեթեթությունները մեկնաբանել, և դրա իմաստն էլ չկա»,- ի պատասխան մեր հարցերի՝ ասաց Պետրոսյանը և խորհուրդ տվեց այդուհանդերձ դիմել իր պաշտպանյալին։

Սանասարյանի հետ կապի դուրս գալ չհաջողվեց, իսկ ՊՎԾ խոսնակի պարտականությունները կատարող Սեդա Աղբալյանն էլ փոխանցեց, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցված են այս փուլում, ուստի ինքը Սանասարյանի հետ կապված որևէ տեղեկատվություն մեկնաբանելու իրավասություն չունի։ Դավիթ Սանասարյանի ուշացող արձագանքը ստանալուն պես կհրապարակենք։

Այնուամենայնիվ, այս դրվագների ֆոնին առնվազն տարակուսելի է դառնում Դավիթ Սանասարյանի թիմակից-կողմնակիցների ճչացող պայքարը ԱԱԾ-ի դեմ, որով փորձ է արվում հընթացս վարկաբեկել այս կառույցը, ամեն կերպ նսեմացնել ԱԱԾ դերը։

«Ինչպե՞ս կհաջողվի ՊՎԾ-ի քրգործից մաքուր դուրս գալ Առողջապահության նախարարին»,- հետաքրքրվում ենք աղբյուրից։ «Բայց կհաջողվի՞ արդյոք»,- հարցին հարցով հակադարձում է մեր աղբյուրը։

Հիշեցնենք, 168.am-ը դեռ մեկ ամիս առաջ գրել էր, որ հետաքրքիր զարգացում է սպասվում ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործով ի մի բերված ԱԱԾ-ի հարուստ նյութերում ի հայտ են եկել մի շարք դրվագներ։ Ըստ այդմ՝ բացահայտված նյութերով սլաքներն ուղղվում են նաև դեպի Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) ու վերջինիս հետ առնչվող երկու անձանց, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղղությամբ:

Ի դեպ, նույն աղբյուրի պնդմամբ՝ Դ.Սանասարյանը թեև մաքուր չէ այս ամենի մեջ, սակայն հակված է այն կարծիքին, որ իշխանության ներսում նրա դեմ քաղաքական արշավ են սկսել, պարզապես հիմքում հմտորեն գործի է դրվել երկու տարբեր անձանց բիզնես շահերի բախումների հնարավորությունը:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս