Մասնավորեցնե՞լ,  թե՞ ոչ Ուռուցքաբանության և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները

Այսօր Ազգային ժողովում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկման ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան այդ ծրագրում ընդգրկված առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող երկու կազմակերպությունների՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-երը մասնավորեցման ցանկից հանելն է։

Նախարարը կարծում է, որ այս կենտրոնների արդյունավետության մակարդակն առավել բարձր կլինի, եթե նշված պրոֆիլի և ծավալների կազմակերպությունները գործեն պետական համակարգում, ինչը, սակայն, չի բացառում մասնավոր ներդրողների մասնակցությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, գտնում է, որ որպես պետական հիվանդանոցներ՝ դրանք գտնվում են ողբերգական վիճակում, և միֆ է, որ այդ երկու հիվանդանոցներում մատուցվում է բարձրակարգ սպասարկում։

«Ես չեմ մեղադրում հիվանդանոցների տնօրինությանը, ավելին, ես այստեղ բարձրաձայնում եմ նաև նրանց կարծիքը, որ այդ չնչին գումարներով հնարավոր չէ հիվանդին չասել՝ ճիշտ է, դու պետպատվերով ես, բայց միևնույն է, դու քիմիան չես ստանալու, եթե չբերես այսքան գումար։ Չկա կամ գրեթե չկա անվճար մատուցվող ծառայություն նաև քիմիաթերապիայի դեպքում»,- ասաց պատգամավորը։

Արձագանքելով՝ առողջապահության նախարարը նշեց, որ Ն. Զոհրաբյանի նշած ողբերգական վիճակը վերջին ժամանակներում բավականին բարելավվել է, հատկապես՝ ուռուցքաբանական կենտրոնում։ Ըստ նրա՝ բաժանմունքներ, հարկեր են վերանորոգվել, նաև ներդրումներ են կատարվել։ Ա. Թորոսյանն ասաց, որ, մասնավորապես, բացվել է ճառագայթային թերապիայի ժամանակակից Կենտրոն գերժամանակակից գծային արագացուցչով։

Ինչ վերաբերում է պետպատվերին, ըստ Ա. Թորոսյանի, այս տարի այդ կենտրոնում այն ավելացել է 400 միլիոն դրամով, մյուս տարի նույնպես ավելանալու է, ինչին ի պատասխան՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ ինքը չի վիճարկում պետպատվերի առկայությունը, այլ ասում է, որ նույնիսկ պետպատվերով հիվանդներին ասում են, որ որակյալ բուժօգնություն ստանալու համար պետք է վճարեն, այլապես այնպիսի անորակ դեղորայք կտան, որ երկու ամիս հետո մարդիկ կհայտնվեն կամ Թոխմախում, կամ այլ գերեզմանոցում։

Տեսանյութեր

Լրահոս